«Աղասի՛, մի՛ գնա». Չարենցի խնդրանքը, հորդորն ու պահանջը՝ ուղղված Աղասի Խանջյանին

Աղասի՛, մի՛ գնա…
Սա Չարենցի խնդրանքն էր, հորդորն ու պահանջը՝ ուղղված Աղասի Խանջյանին: Բայց Աղասին չգնալ չէր կարող…

1931 թ. Մոսկվայի Կենտկոմի պլենումում Ստալինն առաջարկեց Լավրենտի Քարտվելիշվիլիին ընտրել որպես Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն առաջին քարտուղար, իսկ Բերիային` երկրորդ քարտուղար: Ո՛չ Բունիաթզադեն, ո՛չ Դեդարիանը, ո՛չ Մուսաբեկովը, ո՛չ էլ Խանջյանը չեն աջակցել Ստալինին: Առաջնորդը ստիպված էր կամային որոշում կայացնել միայնակ:

Սա, իհարկե, չէր մոռանալու Բերիան….

1936թ. Անդրկովկասի մարզկոմի գումարած նիստին ելույթներ են հնչել Հայաստանում ձևավորված տրոցկիստական խմբերի հայտնաբերման և հատկապես Հայաստանի կրթության հարցերով կոմիսար Ներսիկ Ստեփանյանի ձերբակալության մասին: Իսկ վերջինս Խանջյանի մտերիմներից էր:
Ելույթները քննադատական էին, մեղադրող և անբարո:
Հնչում են կոշտ ցուցումներ Բերիայի կողմից, իսկ երեկոյան նա հրավիրում է Խանջյանին իր աշխատասենյակ….

Եվ այսպես՝ 1936թ. հուլիսի 9-ին Խանջյանը Բերիայի աշխատասենյակում էր…

Պաշտոնական վարկածում կասվի, որ Խանջյանը ինքնասպանություն է գործել՝ սեփական քաղաքական սխալներից ճնշված: Իսկ Չարենցը ոչ պաշտոնական գրառում կանի. «Խանջյանը մեր վերջին հերոսն էր, որին սպանեց Բերիան»:

Խանջյանի մահից օգտվեցին Ստալինն ու Բերիան. Հայաստանում սկսվեցին ռեպրեսիաներ: Զոհերի շարքում էին Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Վահրամ Ալազանը, Գուրգեն Մահարին, Վաղարշակ Նորենցը, Վահան Թոթովենցն ու շատ-շատերը….