Այս բերդի անվան հետ կապված մի հետաքրքիր ավանդություն կա. գիտե՞ք՝ ինչու բերդի հիմնադիրն այն Բեդ Լիս անվանեց և ինչ է պարսկերենից թարգմանաբար այն նշանակում

Լուսանկարում Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Սալնոձոր գավառի գլխավոր բերդն է՝ Բիթլիսի (Բաղեշի) բերդը: Առաջին անգամ բերդը հիշատակվում է 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի կողմից: Հետագայում բերդի շրջանում համանուն քաղաքի կառուցումից հետո բերդը դառնում է քաղաքի միջնաբերդը:

Ավանդությունը բերդի հիմնադրումը կապում է կայսր և զորավար Ալեքսանդր Մակեդոնացու Լիս զորավարի անվան հետ: Ասում են Ալեքսանդրն այստեղով անցնելիս, գնահատելով լեռնանցքի ռազմավարական հիանալի դիրքը, իր զորավարներից Լիսին հրամայում է այստեղ ամրոց կառուցել: Նորակառույց բերդն այնքան անառիկ է լինում, որ Ալեքսանդրը վերադարձին չի կարողանում այն նվաճել, իսկ երբ բերդի բանալիները կամովին հանձնում են նրան` նա բերդն անվանում է Բեդ Լիս, որ պարսկերենից թարգմանաբար նշանակում է Չար Լիս, որտեղից էլ ծագում է բերդի Բիթլիս անվանումը:

Բաղեշ անվանումը կապված է մի ավանդության հետ, որի համաձայն ձմռանը գոմի դուռը բաց է մնում։ Էշը գոմից դուրս է գալիս և Ջլիֆտա ձորն ընկնելով սառչում է և սատկում։ Էշին տեսնողները ասում են պաղ էշ, որտեղից էլ հետո առաջացել է Պաղէշ, իսկ ապա Բաղեշ անվանումները

7-րդ դարի վերջում բերդին տիրել են արաբները և դարձրել Զուրարիների արաբական ամիրայության նստավայրը: 9-րդ դարի 2-րդ կեսին բերդն անցել է Շայբանիների, 10-րդ դարի առաջին կեսին` Կայսիկների արաբական ամիրայություններին:

929-930 թվականներին բյուզանդական զորավար Հովհաննես I Կուրկուասը, արշավելով ընդդեմ Կայսիկների, ի թիվս այլ քաղաքների գրավել է նաև Բիթլիսը: 10-րդ դարի 2-րդ կեսին արաբական ամիրայությունների քայքայումից հետո Բիթլիսում հաստատվել են իսլամացող քրդական ցեղերը: 10-րդ դարի վերջում Բիթլիսը գտնվում էր Մրվանյան քրդական տոհմի ձեռքում:

11-19-րդ դարերում Բիթլիսին տիրել է Ռոզակներ կամ Ռոշկացիներ կոչվող քրդական ցեղախումբը: Բիթլիսը եղել է նրանց նստավայրը: Այդ ընթացքում Ռոզակները Բիթլիսը կորցրել են երկու անգամ: 1139–1180 թվականներին այն անցել է սելջուկ թուրքերի, իսկ 1466–1494 թվականներին` Ակ-կոյունլու կոչվող թուրքմենական ցեղերի տիրապետության ներքո: Բիթլիսի քրդական իշխանությունը առավելապես հզորացել է 16–18-րդ դարերում: Այդ ընթացքում Բիթլիսի առանձին խաներ նույնիսկ սեփական դրամ են հատել, իսկ Բիթլիսի խանությունը կործանելու Օսմանյան տերության բոլոր փորձերն ավարտվում են անհաջողությամբ:

Բաղեշ քաղաքը XIX դարասկզբին

Թուրքիան հարկադրված Բիթլիսի շրջանը ճանաչում է որպես Վանի էլայեթում առանձնաշնորհ հյուքյումեթություն: 1849 թվականին թուրքական իշխանություններն ի վերջո ընկճում են Բիթլիսի քրդական խանության դիմադրությունը, գրավում են Բիթլիսը, ավիրում բերդը և բազմաթիվ այլ կառույցներ: Այնուհետև Բիթլիսը վերածվում է համանուն վիլայեթի կենտրոնի: 1915 թվականի հունիսին Բիթլիսի ողջ շրջանի հայ բնակչությունը ենթարկվեց սարսափելի ջարդի, որից հետո Բիթլիսը դադարեց հայաբնակ լինելուց:

Հայ կինը Բաղեշում

1916 թվականի փետրվարի 18-ին Հայկական կամավորական առաջին գունդը Զորավար Անդրանիկի գլխավորությամբ գրավեցին Բիթլիսի բերդը: Շուտով թուրքական զորքերը կրկին գրավում են Բիթլիսը` վերջնականապես հայաթափելով այն: