Լուսանկարում Դիարբեքիր բերդաքաղաքն է. գիտե՞ք՝ ինչու էին այն շփոթում Տիգրանակերտ մայրաքաղաքի հետ

  Դիարբեքիր բերդաքաղաքը հնում կոչվել է Ամիդ: Ըստ Մովսես Խորենացու վկայության` բերդը կառուցել է հայոց արքա Տիգրան Երվանդյանը (Ք. ա. 560–535 թթ.): Այդ իսկ պատճառով այն անվանվել է Տիգրանակերտ, որը հաճախ են շփոթում Աղձնիք նահանգում Տիգրան Բ Մեծի Ք. ա. 70-ական թթ.-ին կառուցած Տիգրանակերտ մայրաքաղաքի հետ: Մինչև 1-ին դարը մշտապես գտնվել է Մեծ Հայքի Երվանդունյաց, այնուհետև` Արտաշեսյան թագավորության կազմի մեջ: Ք. ա. 37 թվականին հռոմեա–պարթևական համաձայնագրով Դիարբեքիր բերդաքաղաքը անջատվել է Մեծ Հայքից և միացվել Ադիաբենեի թագավորությանը: 298 թվականին Դիարբեքիրը միացվել է Հռոմեական կայսրությանը:

Հռոմի կայսր Կոստանդին I Մեծը (324–337 թթ.) 332 թվականին  այն վերակառուցելով ու ամրացնելով` դարձրել է ամուր ռազմական կայան ընդդեմ Սասանյան Պարսկաստանի: Սակայն, 359 թվականի հոկտեմբերի 6-ին պարսից արքա Շապուհ 2-րդ Երկարակյացը (309–379 թթ.) 73 օրյա պաշարումից հետո գրավել է բերդը:

Այնուհետև մինչև 16-րդ դարը Դիրաբեքիր բերդաքաղաքին փոխնիփոխ տիրել են պարսիկները, բյուզանդացիները, արաբները, քրդերը, սելջուկ թուրքերը, մոնղոլները, թուրքմենական քոչվոր ցեղերը: 1515 թվականին Սեֆյան Պարսկաստանի արքա Իսմայիլի դեմ մղած կռվում բերդին տիրել է Օսմանյան սուլթան Սելիմ I Ահեղը (1512–1520 թթ.): Դրանից հետո բերդն անցել է Օսմանյան կայսրությանը: