«Երբեք տուրք մի՛ տվեք էժանագին ծափահարություններին, կեղծ ոգևորությանը»․գիտե՞ք, թե ինչ խորհուրդ էր տալիս Մեծ բանաստեղծը դերասաններին․

Ավետիք Իսահակյանի մասին այս պատմությունը մեզ հասել է հայ դերասան Դավիթ Մալյանի հուշերից։

«Մեզ՝ դերասաններիս համար անգնահատելի նշանակություն ունեին Իսահակյանի հայացքները թատրոնի մասին: Այդ էր պատճառը, որ աշխատում էինք շատ հանդիպել ու լսել նրա իմաստուն մտքերը: Նա եվրոպական երկրներում տեսել էր բազմաթիվ դերասանական տաղանդներ, շատ էր սիրում թատրոնը. չէր լինի մի պրեմիերա, որ առաջին կարգում նստած չլիներ:

Ներկայացումից հետո անպայման կհանդիպեր դերասանների հետ և երևանյան փողոցներով դանդաղ քայլելով՝ կհայտներ իր կարծիքը և՛ պիեսի, և՛ դերասանների խաղի մասին: Նա ցույց էր տալիս մեզ արվեստի ազնիվ ու ոչ ազնիվ կողմերը:

Արվեստը պայքար է,- ասում էր Իսահակյանը,- երբեք տուրք մի՛ տվեք էժանագին ծափահարություններին, կեղծ ոգևորությանը: Մի մոռացեք. արվեստը ոչ թե ժողովրդի ետևից է գնում, այլ առջևից: Եվ տանում է ժողովրդին իր ետևից: Միշտ ուսանեք կյանքից, միայն կյանքից: Եվ որ գլխավորն է, աշխատեք ազնվացնել այդ կյանքը: Ուսանել և ոչ թե զվարճացնել: Հակառակ դեպքում իզուր է ձեր աշխատանքը»: