Հենց այս բերդն է եղել Ծոփքի հայոց արքաների նստավայրը. գիտե՞ք՝ որ բերդն է լուսանկարում և արդյո՞ք այն պահպանվել է

Լուսանկարում Արշամաշատ բերդաքաղաքն է՝ Ծոփքի հայոց արքաների նստավայրը: Հիմնադրվել է Ք. ա. 3-րդ դարի 40–30–ական թվականներին Ծոփքի արքա Արշամ Ա–ի (Ք. ա. 240–220 թթ.) կողմից և կոչվել նրա անունով: Առաջին անգամ հիշատակել է հույն պատմիչ Պտղոմեոսը:

Ք. ա. 202 թվականին Արշամաշատի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ Սելևկյան տերության արքա Անտիոքոս 3-րդ Մեծի (Ք. ա. 223–187 թթ.) և Ծոփքի արքա Քսերքսեսի (Ք. ա. 215–201 թթ.) միջև: Ի վերջո Ծոփքը Արշամաշատ բերդաքաղաքի հետ միասին անցել է Սելևկյան տերությանը:

Ք. ա. 189 թվականին Զարեհը Ծոփքում ապստամբություն է բարձրացնում և վերականգնում Ծոփքի անկախությունը: Ք. ա. 94 թ. Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը (Ք. ա. 95–55 թթ.) հարձակվում է Ծոփքի վրա, հաղթում Արտանես արքային և Ծոփքը միացնում Մեծ Հայքին: Արշամաշատը որպես կարևոր բերդաքաղաք իր նշանակությունը պահպանել է մինչև 5-րդ դարը: 5–9-րդ դարերում Արշամաշատի մասին հիշատակություններ գրեթե չկան:

10-րդ դարում բերդը գրավել են բյուզանդացիները: 11-րդ դարում Արշամաշատը մտել է Թոռնիկ Մամիկոնյանի գլխավորած Սասունի իշխանության մեջ: 11-րդ դարի 2-րդ կեսին բերդը նվաճել են սելջուկ–թուրքերը: 12-րդ դարի սկզբին Արշամաշատը կործանվել է երկրաշարժի հետևանքով: