«Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից». գիտե՞ք՝ որ ՀԱՅ գրողին տեսնելուց հետո էր Տերյանն ուրախացել

Այդ հայ գրողը եղել է Ավետիք Իսահակյանը, ում հուշերից մի հատված ձեզ ենք ներկայացնում ստորև:

«Վահանի եղբայրներին՝ Ջավաղեցուն և Արամին ճանաչում էի վաղուց և գիտեի, որ նրանք եղբայր ունեն Լազարյան ճեմարանում, իսկ իրեն՝ Վահանին, առաջին անգամ տեսա Մոսկվայում, 1940թ. մարտ ամսին այցի էի գնացել Լազարյան ճեմարան: Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող-աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Ցույց էին տալիս ճեմարանի սրահները, գրադարանը, դահլիճը և այլ անկյուններ, պատմում էին ճեմարանի հինավուրց ավանդույթներից, մինչդեռ Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ՝ աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան կարմրում ու շփոթվում էր:

Մնաք բարևին՝ Վահանը ձեռքս ամուր սեղմեց և շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ: Մի երկու օր հետո Վահանն իր ընկերոջ հետ մոտս եկավ: Որքան ուղեկցող ընկերը սիրում էր շատախոսել, նույնքան նա լուռ էր կամ սակավախոս: Առաջինը հետաքրքրվում էր Կովկասի քաղաքական կացությամբ, իսկ Վահանը հետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվազանդեն, Հ.Թումանյանը, Դ.Դեմիրճյանը և ուրիշները:

Երբ ես նայում էի նրան՝ հուզվում էր, գլուխը կախում: Իմ հարցին, թե՝ արդյոք ուսանողությունը հետևում է հայ գրականությանը, Վահանը, կարծես, բոլոր ուսանողների կողմից, իբրև պատասխան, կարմրելով արտասանեց իմ ոտանավորներից մի երկու նմուշ:

Հաջորդ տարին, 1905 թվին, ամռանը Ախալքալաքի գավառումն էի: Թափառումերիս ընթացքին հյուր եղա Վահանեց ընտանիքի մոտ Գանձա գյուղում: Վահանի հայրը քահանա էր, մի շատ տարօրինակ և հետաքրքրական մարդ: Բոլոր որդիները, մանավանդ Վահանը, ապշեցուցիչ նմանություն ունեին իրենց հորը՝ սև, ներքին հրով վառ աչքեր, սուր հայացք, թուխ մազեր, ջղային կազմվածք:

Վահանի մայրը վաղուց վախճանված էր, և տունը քույրն ու մեծ հարսն էին կառավարում: Ընտանիքը հուզիչ գուրգուրանք ուներ Վահանի հանդեպ, որ տան կրտսերն էր, և Վանիկ էին կոչում նրան:

Վարդավառի կիրակին էր, մի պայծառ օր: Գնացինք Գանձայից ոչ շատ հեռու ս.Հովաննեսի մատուռը, որը ուխտատեղի էր:

Ես ու Վահանը նստել էինք մատուռի տակ, ծխում էինք ու դիտում պարողներին և քեֆ անողներին:

Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից:

Մյուս օրը առավոտյան գնացինք տեսնելու Փարվանա լիճը: Բարձրացանք մի բլրակի վրա, որը իշխում էր շրջակայքին: Վահանը հափշտակված նայում էր ՝ հայացքը թափառելով ամեն կողմ, և արտասանեց յուրովի Հ.Թումանյանի «Փարվանայից».-Նայի՜ր, -ասում էր Վահանն ինձ, – ա՜խ, ի՜նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ի՜նչ մտահոգ դեմքեր՝ արևով, անձրևով այրված ու բովված: Ի՜նչ դառն աղքատւթյուն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՜նչ թաղծոտ ուրախություն է այս: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ի՜նչքան վիշտ ու մորմոք կա սրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ, զգում եք մեր ժողովրդին: Ձեզնից հետո կամ նոր, բոլորովին նոր երգ պիտի ասել, կամ պիտի լռել:

-Շատ եմ սիրում իմ բարձրագահ հայրենիքը և նրա խոնարհ ժողովրդին, որ աշխատում է ու երազում, տքնում է ու երգում…

«Այս պատանու հոգին,- մտածում էի ես,- պարուրված է երազով, ինչպես իր հայրենի լեռներն ու լճակները՝կապույտ մշուշով…»:

Եվ այս սրտագին զրույցներից այն խորին տպավորությունն առա, որ ես բանաստեղծական էության հետ գործ ունեմ, որ այս զգայուն հոգում ապրումները մթին խորության մեջ են կատարվում, որ նա աշխարհը զգում է երազներով և երազների մեջ:

Անջնջելի կենդանի են իմ հոգում այն քնքուշ երեկոները և անդորր գիշերները, որ ապրել եմ Վահանի մայրենի գյուղում, պատանի Վահանի հետ միասին»: