«ՀԱՅ լինելու պատգամն ինձ պարտավորեցնում է». ո՞վ է Բեյրութի առաջին բժշկական կենտրոնը ստեղծած ՀԱՅԸ, ով չի մոռացել իր արմատները

Սեմ Րագուպյանը հայտնի է ոչ միայն Բեյրութի հայ համայնքում, այլեւ դրանից դուրս։ Նա Լիբանանի առաջին բազմապրոֆիլ բժշկական-ախտորոշիչ կենտրոնի հիմնադիրն է եւ ներկայում հինգ կլինիկա միավորող մի ամբողջ բժշկական ցանցի սեփականատերը։ Այսօր այս ամենը չէր լինի, եթե 1915 թվականին Րագուպյանի հորը՝ Էդուարդին չհաջողվեր ողջ մնալ։

Ութ տարեկան Էդուարդն ընտանիքի ամենափոքրն էր։ Եղբայրները՝ Արան, Արամը եւ Հայկազը, մահացան նրա աչքի առաջ՝ ճանապարհին, երկուսը՝ սովից, իսկ մյուսն ինքնասպան եղավ՝ կիրճը նետվելով։ «Ճանապարհին ամեն տեղ դիակներ էին՝ արեւից սմքած, փքված որովայններով դիակներ… »,– սա մի հատված է 50-ականների վերջին Էդուարդ Րագուպյանի հեղինակած «Եղեռնաքաղ որաներ» հուշագրությունից։

Էդուարդի բախտը բերեց. նրան վերցրեց մի քոչվոր բեդվին՝ խոստանալով, որ եթե տղան բարեխղճորեն արածեցնի իր հոտերն ու ծառայի տան մեջ, նրան ամեն օր մեկ հաց ու հինգ խուրմա կտա ուտելու։

Ավարտելով Բեյրութի ամերիկյան համալսարանը՝ Սեմ Րագուպյանը դարձավ քիմիկոս՝ մասնագիտանալով լաբորատոր հետազոտությունների ոլորտում։ Շուտով նա սեփական լաբորատորիան ստեղծեց, ապա մասնավոր ախտորոշիչ կենտրոն բացեց: Հետո եւս մի քանի կլինիկա հիմնեց, եւ այժմ այն արդեն մի ամբողջ ցանց է։

Ներկայում Սեմ Րագուպյանը հաջողակ գործարար է եւ Լիբանանի հայ բողոքական համայնքի հայտնի գործիչներից մեկը։ Նրա բիզնեսը մարդկանց հնարավորություն է տալիս պահպանելու առողջությունը, իսկ նրա հասարակական գործունեությունը նպաստում է հայկական սփյուռքի ինքնության պահպանմանը։ 20 տարի առաջ Սեմ Րագուպյանի հիմնած «Դիտակ» հայալեզու պարբերականը սփյուռքի պատկերազարդ հրատարակություններից թերեւս ամենահինն է։

«Հայրս պատմում էր, որ դժվարությունները հաղթահարել սովորել է մոր խրատների շնորհիվ։ Նրա պատգամը նաեւ ինձ է պարտավորեցնում»,– ասում է Սեմ Րագուպյանը։