«Ի՞նչ օգուտ այն մարդուն, որն ամբողջ աշխարհը պիտի նվաճի և իր անձը կորցնի»․ կարդացե՞լ եք Ղազար Փարպեցու այս խոսքերը բարոյական արժեքների ու ղեկավարների մասին
Ղազար Փարպեցին միջնադարի հայ պատմիչ է։ Մեզ թողած ժառանգության մեջ՝ «Հայոց պատմության» և «Թուղթ», պատմիչը գրում է բարոյական արժեքների, հոգևորականների առաքինության ու ղեկավարների դերի մասին։ Պատմիչի խոսքերը այսօր ևս արդիական ու կիառելի են։
- Վատ է, որ լուսավորությունն ու քաջությունը, միտքն ու գիտությունը, որոնցով աշխարհը շինվում է ու ծաղկում, չեն փնտրվում, այլ արհամարհվում են:
- Ի՞նչ օգուտ այն մարդուն, որն ամբողջ աշխարհը պիտի նվաճի և իր անձը կորցնի։

- Այն տերը, որը չի կարողանում իր ծառաների մեջ լավը վատից ջոկել և չի կամենում յուրաքանչյուրին գնահատել ըստ արժանվույն, դժվար թե կարողանա լավ ծառայի տեր դառնալ:
- Ամեն մարդ սրտագին փափագում էր հայերեն գիտության ուսումը և ուրախ էր, որ փրկվում էր ասորերենի պատճառած տանջանքներից, որպես թե խավարից դեպի լույսը ելներ:
- Ով որ հավատում է ճշմարտությանը, փրկվում է գեհենից, իսկ ով սայթաքելով մոլորվում է ուղիղ ճանապարհից, անհետ կորստյան է մատնվում:
- Արդարև անդիմադրելի են երկու բան՝ սերը և նախանձը: Նրանցից յուրաքանչյուրը դեպի բարին առաջնորդողներին արքայություն է հասցնում, իսկ չարը բազմացնողներին ժառանգություն է թողնում դժոխքը:

- Թագավորը, երբ ամեն ինչ բռնությամբ է անում, ոչ մեկին բանի տեղ չդնելով, ոչ մեկից խորհուրդ չհարցնելով, կործանում է բերում ոչ միայն իր անձին, այլև աշխարհին:
- Միայն մեր երկպառակությունից ու դավաճանությունից էր, որ վնասվեցինք:
- Քաջ մարդու համար երկար ժամանակ հարվածների տակ ապրելուց ավելի լավ է մեկ օր իր անձի քաջությունը ցույց տալ ու մեռնել:
- Մեղավոր են ոչ միայն գործողները, այլև նրանք, որ հանդուրժում են:
- Անպիտան ու վատատոհմիկ մարդկանց կեղծավորությունն է տեղ անցնում ու հարգվում, և դուք էլ ձեզ ճանաչո՜ղ եք համարում: