«Չենթարվելով նահանջ հրամանին՝ մինչև վերջին շունչը կռվել է, որ դիրքը չտա ոսոխին». կարդա՛ ՔԱՋ ՀԱՅՈՐԴԻ Արսենի հերոսական պատմությունը

Եվս մեկ հայրենիքի լույս, ով նվիրեց կյանքը, որ մենք ապրենք՝ հավատալով հայրենիքի վաղվա օրվան. Արսեն Մասիսի Կիրակոսյան:

Ծնվել է 2001թ-ի մարտի 8-ին Մասիս քաղաքում։ Արսենը ավարտել է Մասիսի ավագ դպրոցը։ Ընդունվել է Պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժին՝ ծրագրավորողի մասնագիտությամբ։ Արսենը ցանկանում էր դառնալ դերասան՝ երազանք, որ մնաց անկատար:

Նա էությամբ բարի, խելացի և ընկերասեր էր։ Հաճախել է «Դուքենդո Ֆուլ» կարատեի ֆեդերացիա։ Մասնակցելով մի շարք մրցումների՝ զբաղեցրել է պատվավոր հորիզոնականներ։ Հաճախել է նաև Դավիթ Համբարձումյանի անվան լողի դպրոց: Արսենը նաև սիրում էր բանաստեղծություն գրել։

2019թ հուլիսի 19-ին զորակոչվել է բանակ։ 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանի ուսումնական զորամասում: ստացել է սերժանտի կոչում, ապա Հունվարի 15 -ից տեղափոխվել Արցախ՝ Մարտունի 2 զորամաս։

2020թ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար ստացել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի թիվ 36534 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի խոշոր տրամաչափի գնդացիրների ջոկի հրամանատար-գնդացրորդի և սերժանտի կոչում։

Պատերազմի օրերին եղել է թեժ կետերում՝ Ֆիզուլիի և Մարտունու շրջաններում։ Չարաբաստիկ այդ օրը՝ հոկտեմբերի 27- գիշերը, չենթարկվելով նահանջ հրամանին, կռվել է մինչև վերջին շունչը, որ դիրքը չտա թշնամուն ու հավերժ կապել ճակատագրը հայրենքի հետ: