«Երբ իր ընկերոջը խփել են, ինքը երդվել էր, որ վրեժ կլուծի ու հենց էդ խփած տանկն էլ առգրավում ա թուրքից». որդեկորույս մայրը պատմում է ՀԵՐՈՍ ՍԱՄՎԵԼԻ սխրանքների մասին

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Սամվել Վարդանի Գևորգյանը ծնվել է Արարատի մարզի Գինեվետ գյուղում: Երկար տարիներ ապրել է ՌԴ-ում:

Սամվելը մանկուց զբաղվում է շախմատով, «Սպորտի վարպետ» կոչումն ուներ, շատ հաջողություններ է գրանցել, որոշել էր՝ բանակից հետո գործերը տալ Ֆիզկուլտի ինստիտուտ։

19 տարեկանում վերադարձել է հայրենիք, ծառայության անցել Մատաղիսում:

Հերոսի մայրը՝ Հասմիկը պատմում է, որ որդին շատ է սիրել ծառայությունը ու շատ հպարտ էր, որ իր պարտքն է կատարում հանուն հայրենիքի: Ասում էր ՝ «Մամ, Մատաղիսում ծառայող տղեն թագավոր ա, գիտե՞ս՝ էդ ինչ ծառայություն ա»։ Շատ գոհ էր, մինչև որ պատերազմն սկսվեց։

«2 ամիս 20 օր էր մնացել ծառայության ավարտին, երբ պատերազմն սկսվեց։ Սեպտեմբերի 27-ին 3.30 զանգեց, ասեց՝ «ամեն ինչ նորմալ ա, չնեղվես, մամ ջան, տղեդ հերոս ա», ինձ հանգստացնում էր։ Հենց առաջին օրը տանկ էր առգրավել, ընկերները պատմում են, որ երբ իր ընկերոջը խփել են, ինքը երդվել էր, որ վրեժ կլուծի ու հենց էդ խփած տանկն էլ առգրավում ա թուրքից»,- պատմում է հերոսի մայրը:

«Մատաղիսում ա եղել ինքը։ Շրջափակման մեջ են եղել, դուրս են հանել, տեղափոխել Դրմբոն։ Սամս երկրորդ օրն էր՝ զանգել էր, ասում էր՝  «սաղ դիրքերը գրավված են, մենակ մերն ա մնացել՝ 101 դիրքը»։ Այսինքն, շրջափակման մեջ են եղել։ Հետո որ պատմում են, փաստորեն հետ նահանջ են տվել, իրանք էլ թողել են դիրքերը։ Դրմբոնից տանում են Մարտակերտ, Մարտակերտից Վարնկաթաղ բարձունքը պաշտպանելու, ու էդտեղ ԱԹՍ խփում ա իրանց, էլ բարձունք չեն հասնում։

6 օր լուր չունեցանք, որ զանգում էինք՝ ասում էին, որ իրեն տեսել են, ողջ ա, բայց խաբում էին, 7–ին ա դեպքը տեղի ունեցել։ Հոկտեմբերի 12–ին երեկոյան նոր իմացանք, ու իրեն գտանք Մեծամորից»։

Քաջարի մարտիկը զհվել է հոկտեմբերի 7-ին՝ անօդաչուի հարվածից: Հետմահու արժանացել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։ Շատ պատվոգրեր ունի, անգամ իր զոհվելուց հետո մայրը էլի շնորհակալագիր է ստացել՝ որպես լավ զինվորի։