Այսօր ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ծննդյան օրն է. ո՞րն էր մեծն ԶՈՐԱՎԱՐԻ ամենասիրած երգերից մեկը

Այսօր հայ մեծ զորավար Անդրանիկ Թորոսի Օզանյանի ծննդյան օրն է: Այս առիթով ներկայացնում ենք Զորավարի սիրած երգերից մեկը` «Մենք պետք է կռվենք» Մկրտիչ Մկրտչյանի կատարմամբ։

Անդրանիկը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին` Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Նրա մեծագույն ծառայությունը ոչ միայն նրա վարած 150 մարտերն ու ճակատամարտերն են, որոնք ձգվում են Սասունից, Տարոնից մինչև Վասպուրական, Զանգեզուր ու Լոռի, այլև այն, որ նա հազարավոր հայ գաղթականների փրկել, ուղեկցել և հասցրել է ներկայիս Հայաստանի սահմանները:

Նրա մուտքը Ազգային ազատագրական շարժում եղել է Սերոբ Վարդանյանի` Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատներով: Անդրանիկը ղեկավարել է 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները, կազմակերպել Աղբյուր Սերոբին սպանած Բշարե Խալիլի սպանությունը, իր անուրանալի դերն է ունեցել Բալկանյան պատերազմում: Օզանյանը 1912թ.-ին հայ կամավորներից կազմակերպել է վաշտ` մասնակցելով Բալկանյան պատերազմին:

Զորավարն արժանացել է 6 պարգևի` «Պատվո լեգեոնի ասպետ», «Սուրբ Վլադիմիրի չորրորդ աստիճան», «Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաջին աստիճան», «Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճան», «Գեորգիևյան 2-րդ աստիճանի խաչ» և «Պատերազմական 2-րդ աստիճանի խաչ»:

1918 թ. մայիսի 16-18-ին Վորոնցովկա ավանի մոտակայքում գեներալ-մայորի կոչման արժանացած Անդրանիկի դիվիզիան զսպել է օսմանյան զորքերին: 1918 թ. մայիսի 25-28-ին Լոռվա ճակատամարտում Անդրանիկը վիժեցրեց Դիլիջանի ուղղությամբ թուրքական զորքերի գլխավոր հարձակումը, որի արդյունքում թուրքական հրամանատարությունը ստիպված եղավ թողնել Լեռնային Լոռու մարզի մեծ մասը։

Մեծ է Անդրանիկի դերը Զանգեզուրի պաշտպանության գործում. հենց Անդրանիկի զորքերն էին մնում թուրքերի կողմից Կովկասի գրավման հիմնական խոչընդոտը, սակայն քաղաքական վերադասավորումների հետևանքով նա հեռացավ Հայաստանից:

Կյանքի վերջին տարիներն Անդրանիկ Օզանյանն անցկացրել է ԱՄՆ-ում և մահացել 1927 թ. օգոստոսի 31-ին` թաղվելով Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը:  1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000-ին վերաթաղվել է Երևանի Եռաբլուր պանթեոնում։