Ջարդերից փրկված քույր ու եղբայր, որ տարիներ անց վերջապես գտան իրար. ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Լուսանկարում ներկայացված է Հայոց ցեղասպանության տարիներին հայ ընտանիքներին բաժին հասած անմարդկային փորձությունների մի տեսարան: Որբացած, անօգնական ու անպաշտպան մնացած հայ ընտանիքները դատապարտվեցին մահաբեր բռնագաղթի: Դեպի սիրիական անապատներ ձգվող բռնագաղթի ճանապարհին շատերը մեռնում էին, կորցնում իրենց հարազատներին:

Այս լուսանկարում քույր ու եղբայր են, ովքեր գաղթի ճանապարհին կորցրել էին իրար և միայն երեք տարի անց գտնում են միմյանց Դեր Զորի անապատում:

Հայոց ցեղասպանության տարիներին կործանվեցին տասնյակհազարավոր հայ ընտանիքներ: Ամբողջական ընտանիքներ ու գերդաստաններ դաժանաբար բնաջնջվեցին: Ողջ մնացածները կորցրին իրենց կանանց, ամուսիններին, մայրերին, հայրերին, քույրերին ու եղբայրներին: Օսմանյան կայսրության վարած հայաջինջ քաղաքականության հետևանք էին ոչ միայն ջարդերը, բռնի տեղահանումը և հայրենիքի կորուստը, այլև հազարավոր որբերը:

Թուրքական հարեմներում հայտնված հայ կանանց մի մասը հրաժարվեց լքել իր նոր ընտանիքը, քանզի մանկահասակ երեխաներ ունեին և վստահ չէին ապագայի նոր փորձություններին դիմակայելու հարցում:

Ինչ վերաբերում է հրաշքով ողջ մնացած հայ մանուկներին, ապա նրանցից շատ քչերին հաջողվեց վերստին «դարձի բերել» դեպի հայություն:

«Աշխարհում չկա մի լեզու` բավականաչափ հարուստ ու գունեղ, որպեսզի նկարագրի նմանօրինակ սարսափները, որպեսզի արտահայտի այն մարմնական ու հոգեկան տառապանքները, որ կրել էին հայ անմեղ նահատակները, մինչև երկինքը հավիտենական հանգիստ կառաքեր նրանց ի վերուստ: Ահավոր ջարդերից մազապուրծ այդ մի բուռ թշվառ մարդիկ` իրենց բոլոր մերձավորների, իրենց համար թանկ էակների մահվան ականատեսները գտնվում են այնտեղ` գաղթակայաններում, և բարձրաստիճան թուրք պաշտոնյաների, գերմանացի սպաների ու ժանդարմների աչքի առջև ենթարկվում էին անարգանքի ու նվաստացման` դատապարտվելով կործանման…»:

Ժակ դը Մորգան
ֆրանսիացի պատմաբան