«Տո աղվե՛ս, երեսուն մետըրնոց չուզի՞ր, վանկերը հաշվե՛,ամեն մեկը մետըրիմ վրա գրե՛». թե ինչպես Շիրազը երկտող գրեց «Արարատ» և «Դինամո» թիմերի հանդիպման համար

«Արարատցինե՛ր, եթե Արարատից մի քայլ էլ ցած իջնեք, ձեզ չեն ների ոչ Մասիսը, ոչ հայ ազգը, ոչ էլ Աստված»:

Այսպես էր գրված այն պաստառի վրա, որը պարզել էին հայերը հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Լենինի անվան կենտրոնական մարզադաշտում: Սա 1973-ին տպագրվել է Թեհրանի «Ալիք» օրաթերթում:

Խոսքը այն պաստառի մասին է, որ հայերը պարզել էին «Արարատ»–«Դինամո» (Կիև) խաղի ժամանակ Մոսկվայում:
Այն մտահղացել է հայրս` ինքնագործ արվեստի համամիութենական և հանրապետական փառատոների բազմակի դափնեկիր, Շիրազի գործերի լավագույն մեկնաբան, իր իսկ` Շիրազի խոսքերով (գրավոր)` «իմ գրական ռադիո», իր ժամանակին շատ-շատ հայտնի, բոլորի կողմից սիրված, շատերի կողմից էլ այսօր մոռացված, իսկապես վաստակավոր արտիստ` բառի իսկական իմաստով և իր տեսակի մեջ անկրկնելի ասմունքող Գառնիկ Հովհաննիսյանը:

Լուսանկարում ձախից աջ (կանգնած)` երկրորդ մարդը բերետով, ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովսեփյանն է, երրորդը գրականագետ Գարեգին Հովսեփյանն է, չորրորդը` Հովհաննես Շիրազը, հինգերորդը` Խաչիկ Դաշտենցը: Ձախ կողմում (նստած)` հայոց լեզվի պրոֆեսոր Ճուղուրյանն է և աջ կողմում հայրս է` Գառնիկ Հովհաննիսյանը :

Հայրս, որ ֆուտբոլի շատ մեծ երկրպագու չէր (երկրպագու էր դառնում այն ժամանակ, երբ բանը հասնում էր ազգային հպարտության), պատրաստվում էր գնալու Մոսկվա հատկապես այդ խաղին` ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի 1973 թվականի եզրափակիչ` Երևանի «Արարատ» և Կիևի «Դինամո» թիմերի հանդիպմանը ներկա լինելու: Եվ մոտ մի տասնյակ համակիրներ էլ հետն էր տանելու:

Բոլորս տանն էինք, երբ վերցրեց հեռախոսը և զանգեց Շիրազին, թե գիտես ինչ, այսպես ու այսպես, գնում եմ Մոսկվա, մի երկտող գրիր, ուզում եմ մի 30-մետրանոց պաստառի վրա մեծացնել և բացել Մոսկվայի ստադիոնում: Շիրազն էլ թե. «Հա՜, Գառնի՛կ ջան, ընչի չէ, հինգ րոպե հետո զանգե, թելադրեմ…»: Նրանք շատ մտերիմ էին:

Հինգ րոպե հետո ինքն է զանգում. «Գրելու բան ունի՞ս… գրե՛.

«Արարատցի՛ք, Արարատից թե մի քայլ էլ իջնեք ցած,
Ձեզ չի ների ո՛չ Մասիսը, ո՛չ հայ ազգը, ո՛չ Աստված»:

– Շիրա՛զ ջան, քիչըմ երգար է:
– Տո աղվե՛ս, երեսուն մետըրնոց չուզի՞ր, վանկերը հաշվե՛. ուղիղ երսուն հատ են, ամեն մեկը մետըրիմ վրա գրե՛

Գառնիկն իրենց հիմնարկի նկարչին 30-մետրանոց պաստառի վրա գրել է տալիս երկտողը, որ պաստառի ամբողջ երկարությամբ դառնում է մի տող, փաթաթում, դնում է ճամպրուկի մեջ և մեկնում Մոսկվա: Խաղի ժամանակ պաստառը պարզում են առնվազն վեց-յոթ անգամ (մի մոռացեք` տասը հոգի էլ հետն էր տարել), իսկ հաղթանակից հետո էլ ծածանելով դուրս են գալիս ստադիոնից:

Դրանից հետո մոտ մի շաբաթ էլ այդ պաստառը կախված էր երրորդ հարկի մեր բնակարանի լվացքի պարանից, որ ձգվում էր ամբողջ բակի լայնությամբ` ի ցույց յոթանասուներկու ընտանիք ունեցող երկու շենքերի բնակիչների:

 ՎԱՐԴԱՆ ԳԱՌՆԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 
Նյու Ջերսի, ԱՄՆ