Սևանա լճի հարավային ափին գտնվող այս բերդը հանդիսացել է ուրարտական թագավորության հենակետը. գիտե՞ք՝ որ բերդի մասին է խոսքը

Խոսքը Թեյշեբաինի կամ Օձաբերդ ամրոցի մասին է, որը կառուցվել է մի բարձրավանդակի վրա, որն իր ժայռոտ եզրերով հյուսիսից նայում է Սևանա լճին և արևելքից՝ զառիվայր իջնում դեպի Ալուչալու գյուղը, իսկ հարավից՝ Վարդենիսի լեռների հետ միանալով՝ գնում դեպի Կարճաղբյուր գյուղը։ Արևմուտքից սարահարթի լանջերը քիչ թեքություն ունեն։

Արևմտյան լանջի քիչ թեքությունը ամրոցի կառուցողներին ստիպել է լանջը ամրացնել հզոր պարիսպներով և բարձր քարաբուրգերով։

Ամրոցը բնակատեղիով գրավում է մոտ 18 հեկտար տարածություն, որից միջնաբերդը՝ մեկ ու կես հեկտար։ Միջնաբերդի և ամրոցի արևմտյան ընդհանուր, լարաշար պարիսպը ձգվում է արևմուտքից արևելք և ապա թեքվում մի թևով՝ դեպի հարավ-արևելք, մյուսով՝ հյուսիս-արևելք։ Վերջինիս երկարությունը հասնում է 250 մետրի, արտաքին կողմից ունի համաչափ հեռավորության (10 մետր) վրա զետեղված որմնահերցեր։ Հարավային պարիսպը, թեքվելով դեպի հարավ-արևելք, հակառակորդի աչքից ծածկել է գլխավոր ճանապարհը։ Ճանապարհի մյուս կողմով նույնպես անցել է պարիսպ, սակայն ավելի թույլ։

Գլխավոր պարիսպը շարունակվում է դեպի հյուսիս-արևելք, պաշտպանելով դեպի ամրոց տանող երկրորդ ճանապարհը, որի մյուս կողմը նույնպես պաշտպանված է։ Այսպիսով, ամրոց են մտնում երկու լայն ճանապարհ, որոնք արևելյան կողմից գնալով դեպի միջնաբերդ, պարսպի մոտ միանում են։

Ամրոցը, բացի իր գլխավոր պարսպից, ունի նաև երկրորդ պարիսպ, որը շրջապատել է ոչ միայն ամրոցն ու միջնաբերդը, այլև նրանց շրջակայքում դասավորված բնակելի թաղամասերը։

Միջնաբերդը գրավում է ամրոցի գերիշխող մասը և ունի քառանկյունի ձև, միայն նրա հարավ-արևմրտյան անկյունը ավելի սուր է։ Միջնաբերդի հյուսիսարևմտյան պարսպի կենտրոնում կա մի մուտք, որը հավանորեն ծառայել է հետիոտն մարդկանց և հեծյալների համար։ Նրա լայնքը հազիվ երկու մետր է, իր երկու կողմերում ունի դեպի ներս նայող աշտարակներ, իսկ դեպի դուրս երևում են որմնահերցեր։ Այս նեղ ճանապարհը ոլորապտույտ իջնում է հյուսիսարևմտյան լանջով դեպի բնակավայրը և վերջանում բնակավայրի մուտքի մոտ։

Ամրոցի մուտքի մոտ կանգնած են եղել երկու հզոր աշտարակ. այստեղից մի ուղղահայաց պարիսպ բարձրանում և միանում է միջնաբերդի հարավարևմտյան անկյանը, ուր կառուցված է ամենահզոր աշտարակը։ Նրա կողքին նշմարվում է հաստ պարիսպներով շրջապատված մի կացարան, որի մի պատը միջնաբերդի պարիսպն է։ Նման մի աշտարակ էլ, քիչ ավելի թույլ, կա պարսպի հյուսիսարևմտյան անկյունում։

Ժամանակակից Մարտունի-Բասարգեչար խճուղին, կտրելով ամրոցի բարձունքը, այն բաժանել է երկու անհավասար մասի. հարավարևելյան մասում մնացել են բնակավայրի մի մասը, ամրոցը և միջնաբերդը, մյուս մասում՝ միայն բնակավայրի մի փոքր մասը, այն էլ հետագայում ծածկվել է Սևանի ջրերով, երբ բարձրացել է լճի մակարդակը։

Նշված ճանապարհից դեպի հյուսիս-արևմուտք, 25-30 մետր հեռավորության վրա, մի քարաժայռի ճակատին գտնվում է ուրարտական թագավոր Ռուսա Ա-ի սեպագիր արձանագրությունը։

Արձանագրությունները վկայում են, որ Սարդուրիի որդի Ռուսան նվաճել է այստեղ արդեն գոյություն ունեցող մի ամրոց, որը պատկանելիս է եղել այդտեղի ցեղին (պրոֆեսոր Գրիգոր Ղափանցյանը այն վերագրում է Ադախունի երկրին)։ Ուստի, Ուրարտուի թագավորը, գրավելով այնտեղ գոյություն ունեցող ամրոցը, նորից նույն տեղում կառուցել կամ վերակառուցել է հինը և անվանել Թեյշեբաինի ամրոց։

Օձաբերդը, որը նույն Թեյշեբաինին է, հավանաբար ունեցել է խմելու ջուր, օգտագործելով Վարդենիսի լեռներից հոսող բազմաթիվ աղբյուրների ջրերը։

Այսպիսով, ուրարտական ամրոց Թեյշեբաինին Սևանա լճի հարավային ափին հանդիսացել է ուրարտական թագավորության հենակետը, իր ձեռքում պահելով շրջակա տեղաբնիկ ցեղերին, ինչպես Խալդի քաղաքը Ուելիքուխի երկրում։