«Ես երբեք չեմ թաքցրել, որ ՀԱՅ եմ». ո՞վ է աշխարհի ամենաշքեղ ադամանդներն արտադրող ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ և ինչ է ՆԱ անում հայրենիքի համար

Աշխարհում շքեղ ժամացույցներ ու զարդեր նախագծող եւ արտադրող ամենահին ադամանդագործական ընկերության՝ Backes and Strauss-ի ներկայիս սեփականատեր ու գլխավոր գործադիր տնօրեն Վարդգես Կնաջյանը ունի հայկական արմատներ: Վարդգեսը ծնվել է 1955-ին Ադիս Աբեբայում։ 12 տարեկանում հայրը նրան ուղարկում է Բաթ քաղաքում գտնվող անգլիական գիշերօթիկ դպրոց։

Ավարտելուն պես Վարդգեսը սովորում է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում, որպեսզի ստանձնի հոր բիզնեսը։ Վարդգեսի հայր Անդրանիկը ծնվել է 1915-ին Ադիս Աբեբայում։

Երբ Հայլե Սելասիե կայսրը վերադարձավ իշխանության, Անդրանիկը 1943-ին հետ եկավ Ադիս Աբեբա։ Կայսրն առաջարկեց նրան դառնալ ժամացույցների իր պաշտոնական մատակարարը։ «Ամեն անգամ, երբ կայսրն օտարերկրյա պետությունների ղեկավարների էր ընդունում, նրանց ժամացույց էր նվիրում՝ «Պարոն Կնաջյան, մեկ հատ Patek Philippe՝ մադամ դը Գոլի համար»։ 

Մի քանի շաբաթը մեկ հայրս ստուգում էր դրանք։ Մի քանի առիթով ինձ էլ բախտ վիճակվեց ուղեկցել նրան ծիսակարգի վերածված այդ շրջայցերի ընթացքում»,- հիշում է Վարդգեսը։ Անդրանիկը նույնիսկ սպասարկել է խորհրդարանի աշտարակին տեղադրված ժամացույցը։

Վարդգես Կնաջյանը Backes & Strauss ընկերությանը միացավ 1976-ին՝ որպես փորձնակ, իսկ 2000 թվականին դարձավ դրա գլխավոր գործադիր տնօրենը։ Երեք տարի անց գնեց ընկերությունը։ Այսօր այն հիմնականում արտադրում է բարձր դասի ադամանդակուռ ժամացույցներ, որոնք հաստատ դուր կգային Հայլե Սելասիեին։ Ընկերությունը գլխամասային գրասենյակներ ունի Ժնեւում եւ Լոնդոնում, իսկ Վարդգեսը շարունակում է զբաղվել այն մասնագիտությամբ, որում ժամանակին իր հայրն էր վարպետացել։

Որպես Հայ ոսկերիչների միության (AJA) համահիմնադիր՝ նա օգնում է Երեւանում ադամանդի բիզնեսն ամրապնդելուն։ Որպես հայ՝ նա զգայուն է պատմության հանդեպ եւ վճռորոշ նշանակություն է տալիս շարունակականությանն ու իր ընկերության իմիջին։ Այս դեպքում պատմությունն ինքնին չափազանց արժեքավոր է։