«Ապրեց՝ ուրիշներին ծառայելու համար». ո՞վ է կանադացի այս ՀԵՐՈՍՈՒՀՈՒՆ և քանի՞ ՀԱՅԻ կյանք է ՆԱ փրկել. նրան բոլորս ենք պարտական

Ինչպես փորագրված է նրա տապանաքարին՝ Սառա Քորնինգն «ապրեց ուրիշներին ծառայելու համար»։

Քորնինգը ծնվել է 1872թ. հարավ-արևելյան Կանադայում, բուժքրոջ դասընթացներ է անցել ԱՄՆ-ում, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին համալրել ԱՄՆ Կարմիր Խաչի շարքերը։ Հայոց ցեղասպանությանն ու դրա արձագանքներին ծանոթացել է կանադական մամուլից։ 

1921 թվականին Քորնինգը ժամանում է Թուրքիա՝ գլխավորելու Արարատ լեռան ստորոտում գտնվող որբանոցներից մեկը։ Հաջորդ տարի քեմալական բանակը գրավում է Զմյուռնիա նավահանգիստը՝ խուճապի մատնելով հույն բնակչությանն ու այնտեղ ապաստանած հայ գաղթականներին։ Քորնինգն անդամագրվում է Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցին (Near East Relief) եւ Կոստանդնուպոլսում բարձրանում դեպի պաշարված քաղաքն ուղեւորվող ամերիկյան ռազմանավերից մեկը։

Տեղ հասնելով՝ նա հիվանդներին ու վիրավորներին խնամելու նպատակով երկու համակիրների հետ միասին հիմնում է հիվանդանոց, որն օսմանյան զորքերը շատ արագ փակել են տալիս։ Երկրորդ հիվանդանոցն արժանանում է միեւնույն ճակատագրին։

Քորնինգը վազում է դեպի ամերիկյան որբանոցներից մեկը եւ գերմարդկային ջանքերով հավաքում երեխաներին՝ տանելով նավամատույց։ Մահվան, հրի ու խառնաշփոթի հորձանուտում փրկվում է 5000 երեխա։

Ամերիկյան ռազմանավերով Քորնինգն այս երեխաների հետ ուղեւորվում է Հունաստան, որտեղ հիմնում է որբանոց եւ նվիրվում նրանց կրթությանն ու դաստիարակությանը։ 

1923 թ. Հունաստանի արքա Գեորգիոս Երկրորդը Սառա Քորնինգին հրավիրում է պալատ՝ պարգեւատրելու պետության բարձրագույն շքանշանով՝ Փրկչի արծաթե խաչով։ Հաջորդ տարի Սառան վերադառնում է Թուրքիա եւ մինչեւ թոշակի անցնելը տրվում երեխաներին կրթելու եւ դաստիարակելու գործին: Հանգստի անցնելով՝ վերադառնում է Կանադայի իր հայրական տունը, որտեղ էլ ապրում է մինչեւ  97 տարեկանը՝ մահանալով 1969թ.։