Թիրախը ոչնչացվեց 3 փամփուշտով․ ԱՍԱԼԱ-ն շարունակում է մնալ Թուրքիայի ամենամեծ ֆոբիան

«Մի անգամ ինձ այսպես ասաց շվեյցարացի ոստիկանը․ «Դուք` հայերդ, այնպիսի հեշտությամբ եք մարդ սպանում, ասես ճանճ է», իսկ ես պատասխանեցի նրան․ «Իսկ դա մարդ էլ չէր»», — պատմում ԱՍԱԼԱ-ի մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը։

«Քանի դեռ կա հայկական հարցը, ԱՍԱԼԱ-ն լինելու է: Մենք այսօր չենք ակտիվացել, բայց աշխատում ենք: Եթե թշնամին մեզնից վախենում է, տեղին է, պետք եղած ժամանակ նույն հարվածը կարող ենք տալ», — նշեց նա:

«Թիրախը զգետնվեց երեք փամփուշտով»,-այսպես է հիշում լեգենդար մարտիկը։ Ավելի քան 200 գործողություն, 42 սպանված թուրք դիվանագետ… 39 զոհ: ԱՍԱԼԱ-ն շարունակում է մնալ Թուրքիայի ամենամեծ ֆոբիան:

«Եռաբլուրի 39 շիրիմները, որոնց տակ մարդկանց մարմիններ չկան, ազգի համար երանելիներ են»: ԱՍԱԼԱ-ի մարտիկներին այսպես է բնութագրում Մայր Աթոռի միաբան, արքեպիսկոպոս Ոսկան Սրբազանը:

1981 թ-ին, Դևեջյանն էր շվեյցարական դատարանի առջև պաշտպանում Մարտիրոս Ժամկոչյանին։ Նա նույն տարվա հունիսի 9-ին Ժնևում սպանել էր թուրքական դեսպանատան զինվորական կցորդին:

«Առաջին անգամ Դևեջյանին հենց ատյանում եմ տեսել։ Իմ փաստաբանները հայ չէին, միակը Դևեջյանն էր։ Նա ասում էր, որ այսպես իր նախնիների առջև ունեցած պարտքն է կատարում»,- հիշում է Ժամկոչյանը։ Դևեջյանը կապ էր հաստատել Ժամկոչյանի գլխավոր փաստաբանի՝ Ժերար Բենուայի հետ և ցանկություն հայտնել միանալ պաշտպանական թիմին։

Երբ Մարտիրոս Ժամկոչյանին շվեյցարական դատարանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց, Դևեջյանը չէր կարողանում զսպել իր զայրույթը։ «Այս երկիրը ընդունում է փողը, բայց հրաժարվում է մարդուց»,- դատավարությունից հետո ասել էր նա։