«Գործողության ժամանակ ես ծանր վիրավորվել էի, իսկ երբ աչքերս բացեցի տեսա նրան»․ ԱՍԱԼԱ-ի մարտիկն ու փայլուն կատարված գործողությունը

1984 թվականի հունվարի 20-ին Փարիզում սկսվեց չորս հայ երիտասարդների դատավարությունը։ Նախքան դատավարությունը ներկայացնենք դեպքերի զարգացումը; Դրանից երեք տարի առաջ՝ 1981 թ. սեպտեմբերի 24-ին, ԱՍԱԼԱ-ի մարտիկները գրոհել էին Փարիզի Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանի շենքը, գրավել էին այն ու մոտ վաթսուն մարդու պատանդ վերցրել:

«Գործողության ժամանակ ես ծանր վիրավորվել էի, հինգ, թե վեց օր գիտակցություն չունեի, երբ հիվանդանոցում աչքերս բացեցի, երկու հոգու տեսա, մեկը թարգմանիչն էր, մյուսն էլ, հետո իմացա, Դևեջյանն էր։ Նրա ձեռքին Բեյրութում ունեցած իմ ժամացույցն էր, տղաներն էին տվել, որ ես վստահեի նրան, հասկանայի, որ մեր կողմից է»,- Պատրիկ Դևեջյանի հետ առաջին հանդիպումն այսպես է հիշում Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ, «Վան» գործողության մասնակից Վազգեն Սիսլյանը։

Այն ժամանակ Սիսլյանը չէր էլ պատկերացնում, որ Դևեջյանը, բացի փաստաբան լինելուց, նաև քաղաքական ծանրակշիռ գործունեությամբ է զբաղվում։ Դևեջյանն այդ գործը հանձն առավ առանց փաստաբանական վճարի։

«Մի անգամ հարցրինք․ թե որքան է լինելու իր աշխատանքի վճարը, իսկ նա շատ կտրուկ պատասխանեց. «Ես ինձ պաշտպանելու համար պետք է փո՞ղ վերցնեմ»»,-պատմում է Սիսլյանը։

Պատրիկ Դևեջյանը հեղինակությւոն վայելող փայլուն քաղաքական գործիչ էր և հիանալի փաստաբան, ով դատարաններում հանդես եկավ որպես ԱՍԱԼԱ-ի մի քանի մարտիկների պաշտպան։

«Դատարանի առջև մենք չպետք է խեղճի կարգավիճակում լինեինք։ Կարևորը մեր խոսքը լսելի դարձնելն էր»։ Սիսլյանը հիշում է պաշտպանների բոցաշունչ ելույթները, ասում է՝ նույնիսկ ֆրանսիացի փաստաբանը, որը կարծես պիտի չհասկանար հայի ցավը, ազդեցիկ էր։