«Նա ինձ ասաց, որ այդ գիրքը կլինի վերջինը»․ Ազնավուրի վերջին օրերի մասին

Ազնավուրը խոստացել էր քրոջը, որ կապրի մինչև 100 տարի։ «Հոկտեմբերի 8–ին Շառլը պետք է Հայաստան մեկներ` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին։ Ամեն ինչ լավ էր»,- ազնավուրի վերջին օրերի մասին ներկայացնում է  Le Parisien պարբերականը։

Ազնավուրը միշտ զբաղված էր. նրան «բռնացնելը» չափազանց դժվար էր։ Le Parisien–ը գրում  է․ «Մենք կարծում էինք, որ Շառլն անմահ է, անխոցելի, չխորտակվող։ Առաջին անգամ նա չկատարեց իր խոստումը և չհանդիպեց մեզ հետ։ Նա հեռացավ մեզնից»։

Ազնավուրի ընկեր և հրատարակիչ Ժերար Դավուն պատմում է, որ կիրակի Շառլը մինչև ուշ գիշեր աշխատել է իր չորրորդ գրքի վրա։ «Նա ինձ ասաց, որ այդ գիրքը կլինի վերջինը», – ասում է Դավուն։ «Նա այնքան էր սիրում կյանքը։ Նա հեռացավ, ինչպես հեռանում էր բեմից` էլեգանտ և լուռ»։

Հետաքրքիր էր նաև Ազնավուրի Գյումրի այցը, այդ օրը այնտեղ բացվելու էր մեծ շանսոնյեի արձանը։ Ականատեսները պատմում են․ «Մեկ օր առաջ մռայլ, անձրևոտ օր էր, այդ օրը՝ տաք ու լուսավոր: Երբ եկավ արձանի մոտ, ասաց՝ առաջին անգամ ժողովրդի առաջ պիտի հանվեմ: Հետո էլ սավանը արձանի վրայից քաշելով ասաց՝ ես փոքրամարմին եմ, բայց հսկա արձանը ձեզ եմ թողնում»: