Գիտեի՞ք, որ  Մարտիրոս Սարյանի որդին արժանացել է Կարմիր աստղ շքանշանի. ճանաչենք հերոս ՀԱՅԻՆ

Մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի որդին հայ կոմպոզիտոր, մանկավարժ Ղազարոս Մարտիրոսի Սարյանն է՝ ծնված 1920 թվականին սեպտեմբերի 30-ին՝ Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան քաղաքում:

SARYAN.tif

Փոքր տարիքից ապագա կոմպոզիտորը լսել է հայկական ժողովրդական երգեր իր մոր՝ Լուսիկ Աղայան-Սարյանի և քեռու Մուշեղ Աղայանի կատարմամբ, ապա երեք տարեկանից միացել նրանց երգեցողությանը։ Իր նախնական երաժշտական կրթությունը կոմպոզիտորը ստացել է Երևանի կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների խմբում:

Նրա հետ են սովորել Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը։ Դպրոցական տարիքից սկսված նրանց ընկերությունը շարունակվել է ողջ կյանքում, դառնալով «Հայկական Հզոր խմբակի» պատմություն։ Իր կրթությունը Ղազարոս Սարյանը շարունակել է Երևանի կոնսերվատորիայում կոմպոզիտորներ Վարդգես Տալյանի և Սարգիս Բարխուդարյանի ղեկավարությամբ, ապա 1934-1938 թվականներին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, Վ. Շեբոլինի դասարանում։

1939 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ, 1941–1945 թվականներին դարձել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Այստեղ էլ որպես հրետանա-գնդացրային № 7 զորագնդի լեյտենանտ նրան անվանել են Լազար՝ իր անվան ռուսերեն տարբերակով։ Արժանացել է «Մարտական վասակների համար» և «Մարտական Կարմիր դրոշ» մեդալների և Կարմիր աստղ շքանշանի։ Նաև ղեկավարել է զորագնդի ինքնագործունեությունը, բայան նվագել, գրել երգել։

Պատերազմի ավարտից հետո Ղ.Սարյանն ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, ուր ուսանել է Դմիտրի Կաբալևսկու, Դմիտրի Շոստակովիչի, Ա. Ալեքսանդրովի կոմպոզիցիայի մասնագիտական դասարաններում։ 1950 թվականին, ավարտելով Մոսկվայի կոնսերվատորիան, երիտասարդ կոմպոզիտորը վերադարձել է Հայաստան և նույն թվականից սկզբում դասավանդել Երևանի կոնսերվատորիայում՝ գործիքագիտություն, ապա և մասնագիտական կոմպոզիցիա։

1955-1956 թվականներին Ղազարոս Սարյանը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն էր, իսկ 1960-1986 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը։ Նրա գործունեությունն առանձնացել է պրոֆեսիոնալիզմի, ազգայինի, համաշխարհային ստեղծագործական նոր հայտնությունների ներդրման սկզբունքներով։ Իսկ 1986 թվից մինչև կյանքի ավարտը՝ 1998, եղել է ստեղծագործական ամբիոնի վարիչ։ Նրա ստեղծագործական դասարանում իրենց մասնագիտական կրթությունն են ստացել այսօր լայն ճանաչում ստացած կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Ալթունյանը, Ռուբեն Սարգսյանը, Ստեփան Լուսիկյանը, Վարդան Աճեմյանը, Արմենուհի Կարապետյանը և այլք։

1963-1967 թվականներին Ղազարոս Սարյանը, ստանձնելով առաջին տնօրենի պաշտոնը, ղեկավարել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կառուցման և առաջին ցուցադրության կազմակերպման աշխատանքները։