«73 հոգով շրջափակման մեջ հայտվելով՝ գերի չեն ընկել, կռվել են մինչև վերջին շունչը, բայց օգնությունը այդպես էլ տեղ չի հասել». կարդացե՛ք 4 դիրք գրաված ՀԵՐՈՍ Էդուարդի մասին

Էդուարդ Ալեքսանդրի Ղազարյանը ծնվել է 2000 թ-ին հուլիսի 30-ին, Երևանում։ Սովորել է Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83, ապա Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Պոլիտեխնիկական Համալսարանի ավագ դպրոցում։

2018 թ֊ին ընդունվել է նույն Համալսարանի Էլեկտրոնիկայի ֆակուլտետ։ Ուսումը կիսատ թողնելով՝ 2019 թ-ի հունվարի 23֊ին զորակոչվել է բանակ և ծառայել Արցախի Մարտունի 3՝ 7-րդ վաշտում, որպես գնդացրորդ։ 44-օրյա պատերազմի հենց առաջին օրվանցի առաջնագծում էր ու անձնվիրաբար պաշտպանում էր իրեն վստահված դիրքը:

Զինակիցների հետ իրականացրել է դիվերսիաներ, գրավել թշնամու 4 դիրք։ Հոկտեմբերի 11-ին Էդուարդը 7-րդ վաշտի կազմով մեկնել է Հադրութ՝ հատուկ գործողություն կատարելու։ Հանդիպելով թշնամու դիվերսիոն հետախուզական խմբի մի քանի անգամ գերազանցող ուժերին (յաշմա) և 73 հոգով հայտնվելով շրջափակման մեջ՝ գերի չի ընկել, չի նահանջել, մարտնչել է մինչև վերջին շունչը՝ թշնամուն պատճառելով զգալի կորուստներ։

Երբ վերջանում է զինամթերքը, տղերքը կապ են հաստատում զորամասի հրամանատարության հետ, խնդրում զինամթերք և օգնություն ուղարկել, բայց մեր զինվորներին օգնության այդպես էլ ոչ ոք չի հասնում:

Հերոսների ողջ վաշտը զոհվում է հոկտեմբերի 11-ին: Էդուարդ Ղազարյանը պատերազմի ընթացքում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիություն» մեդալով:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, շնորհակալ ենք: