«Ես դժվար գրող եմ, ժամը մի բառ եմ գրում». Հ. Մաթևոսյանի կինը պատմել է՝ երբ և ինչպես էր սիրում գրել ՎԱՐՊԵՏԸ

Գիշերն էր գրում: Պիտի ձայն չլիներ: Եթե տեսնեիր, որ լուսնոտի նման ման է գալիս, պիտի գնայիր քո սենյակ, ձայն չպիտի հանեիր: Նույնիսկ շունչը նրան խանգարում էր: Շատ էր ծխում: Մի սենյակում, որ ծուխը լցվում էր, պատուհանը բացում էր, որ այդ սենյակը մաքրվի, ինքը գնում էր մյուս սենյակում ծխելու: Որ սենյակի վրա, որ արևն ընկնում էր, գնում էր այդ սենյակը: Որտեղ արև էր, այնտեղ էր գնում սուրճ խմելու: Արևի հետ հավասար  պտտվում էր տանը: Գյուղն էր սիրում: Ազատության մեջ էր իրեն լավ զգում: Տունն ազդում էր իր վրա: Էս փակ սենյակներն ազդում էին: Չէր կարողանում: Միշտ ասում էր՝ օդ չկա, միշտ օդը չէր բավականացնում: Մեր տանն անընդհատ նեղվածք է եղել: Միշտ ուզեցել է մի փոքրիկ առանձնատուն ունենալ, բայց չունեցավ: Դժվար էր գրում: Ասում էր. «ես դժվար գրող եմ, ժամը մի բառ եմ գրում»: Տան մեջ կարող էր հարյուր պտույտ անել տասը օր՝ մի բառ գտնելու համար: Չէր սիրում, չէր կարող հենց էնպես գրել: Դրա համար նրա գիրը ծանր գիր է: Ծանր ստեղծված գիր է: