«Մենք ՀԱՅԵՐԻՆ օգնության հասանք». ո՞վ է այն ֆրանսիացի ՀԵՐՈՍ նավաստին, ով 16 ժամ շարունակ տարհանել է ՄՈՒՍԱԼԵՌՑԻՆԵՐԻՆ

Էժեն Կերնալեգենը ծնվել է 1894թ. մարտի 26-ին Բրետանում, Դուարնենե ձկնորսական նավահանգստում: Ընտանիքում բոլոր տղամարդիկ կամ նավաստիներ էին, կամ ձկնորսներ,. հենց այս ուղին է նաև ընտրում պատանին: Ֆրանսիական ռազմական նավատորմում նա ծառայության անցավ դեռ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին: 

1915-ի փետրվարին Ֆրանսիան իր ռազմանավերն ուղարկեց Միջերկրական ծով` դեպի Օսմանյան կայսրության ափեր: Ֆրանսիայի ռազմածովային նավատորմի 3-րդ էսկադրիլիան պարեկություն էր անում Սիրիայի ափի մատույցներում, որպեսզի փակի մուտքը դեպի Օսմանյան նավահանգիստներ եւ խափանի հնարավոր առաքումները: Երիտասարդ նավաստի Էժեն Կերնալեգենը հենց այդ էսկադրիլիայի «դ՛ Էստրե» հածանավի վրա էր:

Սեպտեմբերի 8-ի առավոտյան 6:30 «Գիշեն» հածանավի ժամապահները նկատեցին Մուսա լեռան գագաթին Ֆրանսիայի եւ Կարմիր խաչի դրոշները ծածանող մարտիկներին: Հայկական պաշտպանների մոտ սպառվել էին զինամթերքի պաշարները, եւ նրանք այլեւս անկարող էին դիմակայել թուրքերի գրոհներին:

Հեռագիր ուղարկվեց փոխծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեին, որը «Ժաննա դ’Արկ» նավով ժամանելուն պես ռազմական խորհուրդ գումարեց: Ափ ուղարկվեցին դեսանտային ուժեր` ափի անվտանգությունն ապահովելու եւ հայերի հետ կապ հաստատելու համար:

«Գիշեն», «դ՛Էստրե» եւ «Ֆուդր» հածանավերը, «Ամիրալ Շարնե» եւ «Դեզեքս» ռազմանավերը մոտեցան ափին, խարիսխ նետեցին ու նավակներ իջեցրին՝ տարհանելով ինքնաշեն նավակների վրա կուչ եկած կանանց, երեխաներին, ծերերին եւ մարտիկներին: Ավելի քան 16 ժամ Էժենը պաշար էր մատակարարում եւ մասնակցում տարհանմանը՝ փախստականներին օգնելով ափից թիանավակներով հասնել ռազմանավերին:

Էժենը կարծում էր, որ ոչ մի առանձնահատուկ բան այդ ձեռքբերման մեջ չկա: Պատերազմից հետո ավարտեց զինվորական ծառայությունը և վերադարձավ Դուարնենե` ձկնորսական առօրյային:  Էժեն Կերնալեգուենը մահացավ 1956-ի ապրիլի 24-ին, բայց նրա անունն ու սխրանքը պիտի հիշեն բոլորը: