«Տղայիս մահվան օրը մինչ օրս հայտնի չէ, նույնիսկ չգիտենք ինչպես է զոհվել, մեզ միայն ոսկորներն են հանձնել». հայրը պատմում է ՀԵՐՈՍ ՈՐԴՈՒ՝ ԿԱՐՈՅԻ մասին

Սերժանտ Կարո Հովակիմյանը ծնվել էր Սիրիայում: Երկուս ու կես տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել էր Հայաստան: 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայել էր որպես բուժակ նախ Ջրականում, ապա Հադրութում: Նրա մահվան օրը հստակ մինչ օրս հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ինչ վնասվածքներից է նա մահացել: 2020թ-ի դեկտեմբերին հայտնաբերվել ու ծնողներին են հանձնվել նրա ոսկորները:

Պատերազմի ընթացքում Կարոն հարազատներին հավատացնում էր, թե ապահով տեղում է, իրեն որևէ վտանգ չի սպառնում, իսկ հոկտեմբերի 4-ին զանգահարել է հորը ու ասել, որ Հադրութոււմ է, քանի որ «Ջրականը էլ չկա»:

Վերջին անգամ ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 8-ին. «Հետո կապը ընդհատվել է ու վերջ: Ընկերներից իմացա, որ մինչև ամսի 10-ը ինքը եղել է: Նրանց սխալ հրահանգավորմամբ բարձրացրել են դիրք պահելու, որը շրջապատված է եղել ազերիներով: Հադրութի Վանք գյուղի մոտակա դիրքերից մեկն է եղել: Եղել են 94 հոգով, նրանց մեծամասնությունը զոհվել են, մի մասը մինչեւ հիմա անհետ կորած է, գերեվարվածներ կային: Նրանց հրամանատարը զոհվել է, միջին դասի հրամանատարությունը ինչ կարողացել արել է, իսկ նրանց գումարտակի հրամանատարը փախել է ու տղաները մնացել են անտեր»,- պատմում է հերոսի հայրը: