«Հենց աչքի առաջ զոհվեցին իր զինվորները, չհասցրեց էլ սգալ նրանց մահը, երբ ԱԹՍ-ն հարվածեց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արեն Ավանեսյանին

Արեն Արամի Ավանեսյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 3-ին Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում: Սովորել է Արամ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցում, որը 2018 թվականին ավարտելով՝ անվճար հիմունքներով ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ ֆիզիկայի բաժին։

Մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվել է Հայոց բանակ։ Հոկտեմբերյանում սերժանտական դասընթացներն ավարտելուն պես, որպես սերժանտ, ջոկի հրամանատար և դիրքի ավագ, շարունակել է ծառայությունը՝ աշխատելով նորակոչիկների հետ։ Նորակոչիկների հետ 6 ամսյա աշխատանքից հետո ծառայությունը շարունակել է հատուկ նշանակության ջոկում։

4 ամիս էր մնում ծառայության ավարտին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Մասնակցել է թեժ մարտերին՝ Հադրութից Ֆիզուլի, որպես ջոկի հրամանատար, այնուհետև Ֆիզուլիից Մարտունի՝ հաղթանակ տանելով մի շարք մարտերում։ 40 օրից ավել պայքարելով՝ չէր կորցնում հույսը հաղթանակի հանդեպ։

Հրամանատարի աչքի առաջ զոհվեցին նրա զինվորները: Չհասցնելով սգալ նրանց մահը՝ նա նույնպես զոհվեց ԱԹՍ-ի հարվածից:

Հերոսը հետմահու պարգևատրվել է «Կապան» և «Մարտական ծառայության» Արիություն մեդալներով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…        
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…