«Մա՛մ, դու հավատո՞ւմ ես, որ ես գերի  կընկնեմ». ՀԵՐՈՍ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ վերջին զրույցը մոր հետ

Փոխգնդապետ Ռոլանդ Վրեժի Ներսիսյանը ծնվել է 1984 թվականին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: Ամուսնացած էր, ունի 2 երեխա. դուստրը 11 տարեկան է, տղան՝ 7:

Մտերիմները նրան Ռոման էին անվանում: Դպրոցն ավարտելուց հետո նա մեկնել է Մոսկվա, զինվորական բարձրագույն կրթություն ստացել, ապա վերադարձել հայրենիք և ծառայության անցել Արցախի ՊԲ-ում, այնուհետև Հայաստանում գտնվող որոշ զորամասերում։ Նա եղել է Մարտակերտի դիվիզիայի քիմիական զորքերի ծառայության պետ:

Պատերազմի լուրն իմանալուն պես մեկնել է առաջնագիծ, կռվել է Մատաղիսում, Մարտակերտում, Եղնիկներում: Ոսոխի դեմ 1 ամիս քաջաբար պայքարելուց հետո ընկել է հերոսաբար հոկտեմբերի 30-ին անօդաչուի հարվածից:

«Պատերազմի օրերին որդիս զանգել էր ինձ, ասաց․ «Մա՛մ, խոստացի՛ր, որ ինչ էլ լինի, ուժեղ կլինես․ դու չպետք է լաց լինես»։ Ասացի Ռոմա՛ն ջան, շատ եմ վախենում, զգո՛ւյշ եղիր, հանկարծ գերի չընկնեք, ասաց․ «մա՛մ, դու հավատո՞ւմ ես, որ ես գերի  կընկնեմ», ասացի՝  իհարկե, ո՛չ, բայց զգույշ եղե՛ք», — հիշում է Ռոլանդի մայրը՝ տիկին Հերիքնազը։ 

Փոխգնդապետ Ռոլանդ Ներսիսյանը կռվել է Մատաղիսում, Եղնիկներում, Մարտակերտում, Հադրութում։ Նա ռազմական գործի գիտակ էր, և շատ հոգատար էր զինվորների նկատմամբ։ Նրա  մարտական ընկերները տիկին Հերիքնազին պատմել են՝ Ռոլանդը մի կողմից զինտեխնիկայի հարվածների կոորդինատներն էր հաշվարկում ու կրակում, մյուս կողմից՝ թեև վերևից կրակ էր թափվում, վտանգավոր պայմաններում վազում զինվորիների մոտ, որ նրանց ոգևորի, ուղղություն ցույց տա:

«Տղաները  պատմում են՝ Ռոմանս մոլորված զինվորների է գտել ու տարել դեպի մեր դիրքերը, վիրավորների է տեղափոխել։ Սրտից արյուն էր  գնում, երբ տեսնում  էր իր զինվորները զոհվել են կամ վիրավորում ունեն։ Նա ուժեղ ու կամային, ի վերջո 2 տասնամյակ կոփվել էր զինվորական գործի մեջ, բայց նաև զգայուն էր։ Ռոլանդը զոհվել է հոկտեբերի 30-ին  թշնամու ԱԹՍ-ի հասցրած հարվածից։ Փառք տղաներին, արդեն նոյեմբերի 1-ին կարողացել էին որդուս մարմինը տեղափոխել Երևան», — ցավով հիշում է փոխգնդապետի մայրը։

Մայրն ասում է՝ որդին կյանքում ամենից շատ հայրենիքն էր սիրում, կյանքն էլ տվեց հանուն հայրենիքի, բայց, ցավոք,  Ռոլանդի ու նրա պես տղաների սխրանքներն ըստ արժանվույն չեն գնահատվում։