«Գիշերը թաքուն մտելա թշնամու խրամատ ու զենք-զինամթերք հասցրել իր զորքին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Սուրեն Սարգսյանին

Սուրեն Բենիկի Սարգսյանը ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 17-ին Մեղրի քաղաքում։ Պարտադիր զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես պայմանագրային զինծառայող: Եղել է հմուտ նշանառու:

44-օրյա պատերազմի սկսելուն պես մեկնեց Ջրական։ Իր փոքր մարմնով գիշերը սողալով թաքուն հասել է թշնամու խրամատ, ոչնչացրել նրանց, զենք ու զինամթերք հասցրել իր զորքին։

Մասնակցել է ամենաթեժ մարտերին: Հոկտեմբերի 7-ին Իշխանաձորում էր, երբ տեսնելով, որ պայքարը չափազանց անհավասար է, պիկապ մեքենայով հասել է վիրավորներին, նրանց հանել մարտի դաշտից՝ փրկելով շատերի կյանքը։

Կնոջ հետ վերջին անգամ խոսելիս ասել է՝ Բալիս լավ կնայես: Սուրենի հետ կապն ընդհատվել է հոկտեմբերի 10-ից: Նույն օրն էլ զոհվել է թշնամու գնդակից։ Հերոսը հուղարկավորվել է նոյեմբերի 23-ին իր հայրենի Մեղրիում։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…