Հերոս հրամանատար Տիգրան Պողոսյանը զոհվել է բեկորի մահացու հարվածից՝ սեփական մարմնով փակելով իր զինվորին

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից էր Տիգրան Պողոսյանը, ով ծնվել է 1992 թ-ի փետրվարի 21-ին Շիրակի մարզի Արթիկ շրջանի Հոռոմ գյուղում։

2010 -2014թթ. սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Հետո ծառայության է անցել Մարտակերտում։ Զբաղվել է կինգ բոքսով, կարատե սպորտաձևերով:

Քառօրյա պատերազմի ժամանակ Տիգրանը թեթև վիրավորվել էր, սակայն լռել էր, միայն եղբորն էր ասել այդ մասին ու խնդրել էր, որ սիրած աղջկան չասեր այդ մասին: Ապաքինվելուց հետո նորից շարք էր վերադարձել:

Միշտ զինվորի հետ է եղել, աջակցել է նրանց, կիսվել իր փորձով ու խորհուրդներով։ Հաճախ էր սիրում կրկնել, թե «սպան զինվորի ավագ ընկերն է ու միշտ նրա կողքին պիտի լինի»: Ինքն էլ սեփական օրինակով միշտ ապացուցել է դա։ Հարևան դիրքը Արմենակ Ուրֆանյանի դիրքն է եղել:

Տիգրանին լավագույն հրամանատար են ճանաչել, կյանքի գնով է պահել իրեն վստահված դիրքը, որն էլ հենց իր անունով են կոչել: Պայքարել  է ադրբեջանական բազմաքանակ գրոհայինների դեմ։ Արիաբար զոհվել է արկի բեկորի մահացու հարվածից՝ սեփական մարմնով փակելով իր զինվորին։

Հետմահու ստացել է ավագ լեյտենանտի կոչում: Պարգևատրվել է անվանական դաշույնով,  «Արիության» պետական մեդալով։ Տիգրանի ընկերները հաճախ են հիշում նրա խոսքերը. «Ամենալավն այս տղաներն են, որ դիրք են պահում»: