«Զոհվեց՝ սեփական մարմնով փրկելով իր զինվորի կյանքը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ ԼԵՅՏԵՆԱՆՏ Տիգրան Պողոսյանին

Տիգրան Մխիթարի Պողոսյանը Ապրիլյան պատերազմի Հերոսներից է: Ծնվել է 1992 թվականի փետրվարի 21-ին Շիրակի մարզի Արթիկ շրջանի Հոռոմ գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2014 թվականից լեյտենանտի կոչումով ծառայության է անցել Արցախի պաշտպանության բանակում:

2016 թվականի ապրիլի 2-ից պայքար է մղել ադրբեջանական բազմաքանակ գրոհայինների դեմ։ Ընթացքում վիրավորվել է, սակայն շարունակել է պայքարը:

2016 թվականի ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը Տիգրան Պողոսյանի վերջին հերոսական գիշերն էր… կրկին հրետանակոծություն է սկսվում «Գրադ» կայանքից: Հրամայելով զինվորներին մտնել թաքստոցը՝ Տիգրանը առանց մի վայրկյան երկմտելու առաջ է ընթանում ստուգելու իր զինվորների անվտանգությունը:

Տեսնելով՝ առաջին դիտակետն ու զինվորը անվտանգ է, շնչակտուր շտապում է երկրորդ դիտակետ, կարծես զգում էր վտանգը, այնտեղ նրա զինվորն էր, և հենց ինքը` հրամատարն էր պատասխանատու իր զինվորի կյանքի համար… Նա սեփական մարմնով փրկեց իր զինվորի կյանքը՝ արկի բեկորի մահացու հարվածը իր վրա վերցնելով:

Իսկ երբ փորձում են Տիգրանին օգնություն ցույց տալ, նա զինվորներին հորդորում է դիրքերին ուշադիր լինել և թույլ չտալ, որ թուրքի ոտքը սահման մտնի, իսկ ինքը՝ զոհվում…

2016 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ Տիգրան Պողոսյանի հուղարկավորությունը Հոռոմ գյուղի մշակույթի տանը։

Տիգրան Մխիթարի Պողոսյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով, ինչպես նաև Արցախի «Արիության» պետական մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…        
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…