«Գնալուց ասաց՝ ինձ կանչել են, ուրեմն հայրենիքն իմ կարիքն ունի»․ Հերոս Վաղարշակը գնաց լուծելու իր պապերի վրեժը

Արցախյան պատերազմում զոհված հերոսներից մեկն էլ պահեստազորային սերժանտ Վաղարշակ Մուրադյանն էր, ով ծնվել և մեծացել է սասունցիների ընտանիքում:

«Պատերազմի լուրն  ընդունեց  անասելի ցավով… տեղը չէր գտնում, որ 18 տարեկաններն են պահում սահմանը: Ամեն րոպե սպասում էր, որ իրեն կանչեն։ Մենք չկարողացանք ասել նրան, որ չգնա, քանի որ նրա բոլոր որոշումները հարգված էին մեր ընտանիքում, մենք վստահ էինք, որ Վաղարշս երբեք սխալ բան չի անի:

Հոկտեմբերի 16-ին տեղափոխել են Ջրական, որտեղ էլ զոհվել է երկու օր անց: «Գնալուց ասաց՝ ինձ կանչել են, ուրեմն հայրենիքն իմ կարիքն ունի, ու ես պիտի գնամ: Ասում էր՝ եթե չգնանք, ո՞նց ենք նայելու 18 տարեկանների ծնողների աչքերին»,- պատմում է հերոս Վաղարշակ Մուրադյանի մայրը՝ Շուշանիկ Հարությունյանը:

Վաղարշակ Սարգսի Մուրադյանը ծնվել է 1989թ. հուլիսի 3-ին Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում: «Գնահատում էր մաքուր ու ճիշտ հարաբերությունները, ընկերասեր էր։ Սիրված ու հարգված էր բոլորի կողմից»,- պատմում է մայրը:

«Աշխատում էի վանել վատ մտքերը: Հոկտեմբերի 18-ի լուսաբացին է զոհվել, ինձ ասացին, որ Վաղարշս վիրավոր է, բայց ես հասկացա, որ սուտ է,       որ նա էլ հետ չի գա»,- ասում է հերոսի մայրը: