«4 քրով միանգամից ֆեյսբուք էինք մտել, ախպորս ընկերներից մեկը գրել էր՝ Աստված հոգիդ լուսավորի». քույրը պատմում է ՀԵՐՈՍ ԺՈՐԱՅԻ մասին, ճանաչե՛ք նրան

44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ժորա Սամվելի Քթրյանը կապիտան, հրետանավոր էր: Նա ծնվել է 1996 թվականին Շիրակի մարզի Մայիսյան գյուղում:

Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը՝ Ժորան պայմանագրային ծառայության է անցել Մարտակերտում: 2 տարի ծառայելուց հետո ստացել է լեյտենանտի, այնուհետև՝ ավագ լեյտենանտի կոչում։ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում 33 օր շարունակ թեժ մարտեր է մղել որպես հաշվարկի հրամանատար: Զոհվել է քաջաբար հոկտեմբերի 29-ին զինտեխնիկան մարտական վիճակի բերելիս:


Ժորայի քույրը՝ Անին ասում է՝ եղբայրը հրետանավոր լինելով, կարող էր հիմնականում հրաման տալ, բայց առաջին օրվանից տեսնելով՝ ինչ է կատարվում, ինչ վիճակ է, իր զինվորներին ասել է՝ մտեք թաքստոցներ, որ հանկարծ զոհ չունենան, ինքն է նույնիսկ զենքը լիցքավորել։

33-ամյա քույրն ասում է՝ եղբոր զոհվելուց հետո կյանք այլևս չկա, 2 տարի առաջ մայրն էր մահացել, ցավը դեռ չսպիացած՝ պատերազմի ժամանակ կորցրեցին միակ եղբորը։

«Չորս քրով նույն ժամին Ֆեյսբուք էինք մտել, ախպորս ընկերներից մեկը գրել էր՝ Աստված հոգիդ լուսավորի։ Մեզ ոչ ոք ռիսկ չէր արել, որ զանգի, ասի»,- արցունքների միջից ասում է 33-ամյա Անի Պապոյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է եղբորը։

«Շատ կապված էինք իր հետ, էնքան շատ կսիրեինք իրան որպես տան փոքրի, հիմա ահավոր ծանր վիճակում ենք չորս քրով, պապաս՝ առավելևս, իրա հույսով կապրեր, տան միակ ճրագն էր, սաղ երազանքներն ու նպատակները իրա հետ էր կապել։ Էսքանից հետո էլ ինչ ապրել, հիմա կարելի է ասել՝ մեռած ապրում ենք, էնքան որ, գոյատևում ենք»։

Քույրը պատմում է, որ եղբոր նպատակն էր Երևանում տուն գնել, ամուսնանալ և ընտանիքի հետ ծննդավայրից՝ Շիրակի մարզի Մայիսյան գյուղից Երևան տեղափոխվել։

«Երազանք ուներ, որ ամուսնանար, աղջիկ ունենար ու դներ մամայի անունը՝ Ջուլիետա։ Ինքը շատ ծանր կտաներ մամայի կյանքից հեռանալը»,- ասում է ու հուզվում քույրը։

Ժորա Քթրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։