«Եթե ուշանում էր, առաջինը ծաղիկն էր տուն մտցնում, հետո նոր ինքն էր ներս գալիս». ՀՀ ազգային հերոս ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ գեղեցիկ սիրո պատմությունը

Նա կարող էր լինել մշակույթի հրաշալի գործիչ, բայց ընտրեց հայրենիքի նկատմամբ սերը: Նա հրաշալի տիրապետում էր հայոց լեզվին, իսկ երբ խոսում էր, թնդում էր ողջ երկիրը: Նրա համարձակությունը սահմաններ չուներ ու պատահական չէ, որ 70 տարի անց հենց նա կրկին ծածանեց հայկական դրոշը: Իսկ նրա անունն է Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյան:  Մովսեսը մի գեղեցիկ սիրո պատմություն ունի, որի մասին էլ ուզում ենք պատմել:

«Մենք համակուրսեցիներ էինք, սովորում էինք Երևանի Մանկավարժական համալսարանի Մշակույթի ֆակուլտետում»,- հիշում է հերոսի՝ Ռուզան Գորգիսյանը:

«Մտերմության ընթացքում Մովսեսը սկսեց վստահել ինձ, ու առաջին անգամ իրենից լսեցի ԽՍՀՄ-ում գործող միակ ընդհատակյա կուսակցության` ԱՄԿ-ի (Ազգային Միացյալ Կուսակցության) մասին, որի նպատակն էր Հայաստանի անկախության, պետականության վերականգնումը: Ապշում էի, որ մի խումբ հայորդիներ համարձակվել էին ձեռնոց նետել հզոր ռուսական կայսրությանը:

Իմացա նաև, որ 1979թ.` 18 տարեկանում, Մովսեսը միացել էր այդ պայքարին: Միաժամանակ, ինչքան էլ տագնապս մեծ էր՝ հպարտ էի, որ Մովսեսը նրանցից մեկն էր: Մովսեսը քայլող արվեստ էր, լույս: Արվեստի բնագավառում կարող էր լուրջ հաջողություններ ունենալ, բայց այդ ամենը թողած նա անկախության պայքարի ճանապարն էր ընտրել»,- պատմում է տիկին Ռուզանը:

Երկրորդ կուրսում արդեն Մովսես ու Ռուզան Գորգիսյաններն ամուսիններ էին՝ ընդամենը 20 տարեկանում: «Այդ մեծ սիրո և հավատի արդյունքում ծնվեց մեր ընտանիքը: Ծնող լինելու բերկրանքը վայելեցինք մեր Գոհար դստեր ծնունդով: Երջանիկ էինք: Գիտե՞ք, ես Մովսեսից այնքան ծաղիկ եմ ստացել, որ մի ամբողջ կյանք կբավարարի: Այդքան շատ զբաղված լինելով հանդերձ, նա նրբանկատ և ուշադիր էր մեր նկատմամբ: Ամեն անգամ, երբ ուշ էր տուն գալիս, սկզբում ծաղիկներն էր դռնից ներս մտցնում, տրամադրությունս բարձրանում էր ու նոր ինքն էր գալիս: 

Մի օր էլ շատ ուշացած եկավ, ասեց՝ «Ռուզ, 3-րդ մասի անցումի տակ մի կին ծաղիկներ էր վաճառում, մոտեցա իրենից ծաղիկներ գնելու. մարդկանց հոսք եղավ ու կինը շատ փնջեր վաճառեց: Ինձ էլ ասեց՝ տղաս, ինչ բարի ոտք ունեիր, ծաղիկներս վաճառեցի: Դե ես էլ ստիպված կողքն այնքան կանգնեցի, մինչև բոլորը վաճառի»: