Հրանտ Մաթևոսյանի մայրը, հարսին տեսնելով, ասել է՝ «Վա՜յ, ջանիդ մատաղ, էս ի՜նչ սիրուն աղջիկ ես». իսկ գիտե՞ք՝ ինչ էր ասել մեծ գրողի ՀԱՅՐԸ

Ձեզ ենք ներկայացնում Հրանտ Մաթևոսյանի կնոջ հուշերից մի հատված:

Հրանտի ծնողները եկան ինձ նշանելու: Հրանտը նստել էր գնացք, գնացել էր գյուղ ու ասել էր, որ ուզում է ամուսնանալ: Հրանտի ծնողները հուսահատվել էին, որովհետև գյուղում աչք դրած աղջիկ ունեին, բայց եկել էին ինձ նշանելու: Երբ ես բակ մտա, սկեսուրս լվացք էր անում, ջահել կին էր, քառասունին մոտ: Հրանտն ասաց. «էս է աղջիկը», ու սկեսուրս ասաց. «Վա՜յ, ջանիդ մատաղ, էս ի՜նչ սիրուն աղջիկ ես»: Էդպիսի կին էր ինքը: Բայց հայրն ասել էր. «էս քաղաքում մի հաց կերած աղջիկ չկա՞ր»: Դե, որ նիհար աղջիկ էի, ուրեմն հաց կերած չէի: (Ծիծաղում է):

Մի օրով էին եկել Երևան: Ասում էին. «գնանք ձեր տուն, օր չունենք, մենք մի օրով ենք եկել, գնանք, ման գանք, ինչ-որ առնելու ենք, առնենք, նշանենք, գնանք»: Գնացինք Շահումյան հրապարակի հայտնի ոսկու խանութը: Այն ժամանակ «Սևան» հյուրանոցը կար ու հյուրանոցի մոտ հայտնի ոսկու խանութն էր: Քայլում էինք՝ ես առջևից, իմ հետևից՝ Հրանտը, Հրանտի հետևից՝ սկեսուրս, հետո՝ սկեսրայրս: Ամեն մարդ իր մտածմունքներով, իր դարդերով:

150 ռուբլի փող ունեին: Ամեն ինչ պիտի առնեին՝ ժամացույց, ամուսնական մատանի ու մի մատանի էլ՝ նվեր: Կարմիր քարով մի մատանի, 380 ռուբլի էր գինը: Իրենք գիտեին: Գյուղերում պարտադիր դնում էին այդ մատանին, բոլորն ունեին: Ես ասեցի, որ դրանցից ոչ մեկը չեմ ուզում: Սպիտակ ոսկուց մի մատանի կար: Ասացի միայն այդ մատանին գնենք ու՝ վերջ: Ասացին. «բա ինչի՞ է սպիտակ, եթե ոսկի է»: Աշխատողն ասաց, որ դա ամենալավ ոսկին է: Ասացին. «բա մնացածն ինչո՞վ առնենք»: Ասացի, որ մնացածը չեմ ուզում, Հրանտն էլ ասաց. «մնացածին կոնյակ կառնենք»:

Այդ մատանին պահել եմ: Թոռանս եմ նվիրելու: