«Ես այս տղաների շնորհիվ հայությունս գտա»․ ֆրանսիահայ, ով բացահայտ արտահայտում է իր դիրքորոշումը

Պատրիկ Դևեջյանը զարմանալի քաղաքական գործիչ էր, նա Հայ դատի պաշտպանն էր։ Ասում են, որ համառորեն մինչև կյանքի վերջ Ստամբուլը Կոստանդնուպոլիս էր անվանում։ Թուրքերի հետ խոսում էր այնպես, ինչպես մտածում էր, բացահայտ հայտնում էր իր դիքորոշումը։

1998 թ-ին Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում էր Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը, որի համար տարիներ շարունակ համառ պայքարի առաջամարտիկներից էր Դևեջյանը։ 1998 թվականին Ազգային Ասամբլեան ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, դրանից երկու տարի անց նույնն արեց Սենատը, իսկ 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց օրենք, որով Ֆրանսիան բոլոր մակարդակներով պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Բոլոր այս տարիների ընթացքում Դևեջյանն իր գործունեությամբ նպաստել է Հայաստան, Արցախ, Ֆրանսիա կապին, աջակցություն ցուցաբերել սահմանամերձ գյուղերին, իսկ հնարավորության դեպքում հայրենիք այցելել։

Նա Մոնթե Մելքոնյանի փաստաբանն է եղել։ Պաշտպանել է ԱՍԱԼԱ-ի մարտիկների շահերը, եղել է նաև Ժակ Շիրակի և նրա ղեկավարած կուսակցության փաստաբանը։ «Ես այս տղաների շնորհիվ հայությունս գտա։ Հնարավոր չէր, որ չպաշտպանեի իմ հայությունը»,- ասել է հայտնի փաստաբանը ԱՍԱԼԱ-ի մարտիկների մասին։

Դևեջյանի մայրը ֆրանսուհի էր, հայրը Հայոց ցեղասպանությունից հետո գաղթել էր Սեբաստիայից։ Պատրիկ Դևեջյանը փայլուն քաղաքական կարիերա ուներ՝ դառնալով Ֆրանսիայի առաջին դեմքերի մտերիմ, վստահելի ընկեր ու բարեկամ, նրանց թվում էր նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։