«Հայերն ավելի շատ մարդ են փրկել, քան որևէ այլ ազգ»․ իսրայելցի հետազոտողի բացահայտումները

Հոլոքոստի հայտնի հետազոտող Յաիր Օրոնը համոզված է, որ հայերը գերմանական շրջափակման տարիներին տոկոսային հարաբերակցությամբ, հաշվի առնելով նրանց սակավաթիվ լինելը, ավելի շատ հրեաների են փրկել, քան ցանկացած այլ ժողովուրդ:

Յաիր Օրոնի «Փրկիչներ և մարտիկներ» վերջին գիրքը պատմում է, թե ինչ ավանդ են ունեցել հայերը գերմանական շրջափակման տարիներին հրեաների փրկության գործում: Նա շեշտել է այն փաստը, որ ցեղասպանություն ապրած երկու ժողովուրդներն օգնել են միմյանց: «Մարդիկ փրկել են այլ մարդկանց»: 1915թ-ին շատերն են օգնության ձեռք մեկնել հայերին և դեմ են եղել նրանց ոչնչացման մասին գաղափարին, այդ թվում՝ նաև Պաղեստինում:

Գրքում հիշատակվում է նաև այն մասին, թե ինչպես են Շառլ Ազնավուրի ծնողները փրկվել Թուրքիայի կոտորածներից և ապաստան գտել Ֆրանսիայում, իսկ 1940-1945թթ-ին իրենց մոտ թաքցրել են հալածանքների ենթարկված հրեաներին՝ վտանգելով սեփական անվտանգությունն ու կյանքը:

Օրոնը սկսել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվել 80-ականերին, երբ ԱՄՆ-ի հայերը փորձել են ԱՄՆ-ի կոնգրեսում հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Նա չի կարողանում պատկերացնել, թե ինչպես սարսափելի ողբերգություն ապրած իսրայելցի  ժողովուրդը չի ընդունում այլ ժողովուրդների նկատմամաբ կատարված նույն հանցագործությունը։