«Եթե գյուղը տանք, գնալու եմ պապայի գերեզմանում ինձ սպանեմ»․ հերոս Մխիթարը՝ կանխելով թշնամու առաջխաղացումը, կյանքը տվեց Քարին Տակի համար

Արցախյան պատերազմի օրերին Քարին Տակի համայնքապետ Մխիթար Առուշանյանը եղբորը՝ Թաթուլին ասել է․ «Եթե գյուղը տանք, գնալու եմ պապայի գերեզմանում ինձ սպանեմ»։

Հայրը՝ Վաղարշակ Առուշանյանը, զոհվել է 1992 թ.-ի հունվարի 26-ին՝ Քարին Տակի հերոսամարտում։ նա պարգևատրվել էր Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով։

Պատերազմի հենց սկզբից Շուշին պարբերաբար հրետակոծվում էր: Իսկ նոյեմբերի սկզբին ռազմական գործողությունները ծավալվում էին Շուշի քաղաքի և Քարին Տակ գյուղի մատույցներում։

Չախմախ գյուղում հանկարծակի հարձակում է սկսվել, տղաները մարտի են բռնվել և իրենց կյանքի գնով կասեցրել հակառակորդի առաջխաղացումը։ Խրամատում զոհվել են Մխիթար Առուշանյանը, Արթուր Առաքելյանը և նրա որդին՝ Կամո Առաքելյանը։

Մխիթարի և Արթուրի զոհվելու լուրը խառնաշփոթ է առաջացրել քարինտակցիների շրջանում, քանի որ զոհվել է և՛ հրամանատարը, և՛ համայնքի ղեկավարը։ Մխիթար Առուշանյանին, Արթուր Առաքելյանին և Կամո Առաքելյանին հուղարկավորել են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը։

Մխիթար Առուշանյանը Քարին Տակ համայնքը ղեկավարել է 14 տարի։ Կապված էր գյուղի հետ։ Առանձնահատուկ ուրախանում էր գյուղում երեխա ծնվելու լուրից։ Նա ամուսնացել է 2001 թ.-ին։ Միակ որդին 17 տարեկան է։ Արցախի նախագահի հրամանագրով Մխիթար Առուշանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանով։