«Սարյանի կտավներում ողբ տեսնել հնարավոր չէ». գիտե՞ք՝ ինչու է այսպես ասել Վ. Սարոյանը և ինչու նրա անունին պետք է հաջորդի Մարկ Շագալ անունը

1910-1913թթ. Սարյանը մի շարք ուղևորություններ իրականացրեց դեպի Թուրքիա, Եգիպտոս, Իրան: Հետո իմանում է Մեծ Եղեռնի մասին ու գրում.

«Ու ահա, 1915թ. ես տեղեկանում եմ Հայաստանին բաժին հասած նոր դժբախտության մասին: Թողեցի ամեն ինչ ու ետ վերադարձա հայրենիք: Էջմիածնում ու դրա շրջակայքում ես տեսա մարդկային ամբոխներ, որոնք թուրքական Հայաստանի Ցեղասպանությունից էին փախչում… Իմ աչքի առաջ մեռնում էին մարդիկ, իսկ ես նրանց օգնել համարյա չէի կարողանում: Ես ծանր հիվանդացա, ինձ տարան Թիֆլիս՝ ակնհայտ խորը հոգեկան խանգարումով»:

Նկարիչը երկար ժամանակ աշխատել չէր կարողանում: Սակայն Թիֆլիսում (ներկայումս Թբիլիսի) նա հանդիպում է հայ գրող ու մանկավարժ Ղազարոս Աղայանի դստերը՝ Լուսիկ Աղայանին: Սարյանը նրանում հարազատ հոգի է տեսնում, ու շուտով ամուսնանում հետը, որն էլ դարձավ Մարտիրոս Սարյանի միակ սերը:

Երկար ընդմիջումից հետո նա աշխատանքի վերադառնալու փորձեր է անում:

«Տառապանքի այդ օրերին ես իմ ողջ սրտով ու էությամբ միաձուլվեցի իմ ժողովրդին: Ու իմ մեջ չէր լինի ոչ նկարիչը, ոչ էլ անհատը, եթե չլիներ հայրենիքի այդ զգացողությունը: Հենց այդ հայրենիքին եմ ես նվիրել հետագա իմ ողջ ստեղծագործական կյանքը»,- գրում է Սարյանը:

Առաջին կտավը, որ նա արեց այդ բոլոր ապրումներից հետո կարմիր ծաղիկների մի հսկա փունջ էր: Կարծես թե փրկության ուղին գտնված էր:

«Արվեստը պետք է մարդուն կյանքի ու պայքարի կոչի, համամարդկային, ժամանակից դուրս ձևերով նրան հույս ու հավատ ներշնչի, ոչ թե հանգեցնի ողբերգական թեմաների նկարագրմանը»,- ասում էր նկարիչը:

Այն, որ Սարյանի կտավներում ողբ տեսնել հնարավոր չէ, նկատեց դեռևս ամերիկացի հայ գրող Վիլյամ Սարոյանը:

«Այո, Մարտիրոս Սարյանը հայ է, իսկ դա նշանակում է, որ նա ողջ է մնացել: Նրա անունին պետք է հաջորդի Մարկ Շագալ անունը: Նրանց իրար է կապում ամեն տեսակ մեռածը կենդանացնելու անասելի տաղանդը: Դուք չեք տեսնի զանգվածային ջարդեր Շագալի կտավներում, ու չեք էլ տեսնի կոտորած՝ Սարյանական պատկերներում: Նրանք փոքր երեխաներ են՝ լայն բացված աչքերով»,- գրում է Սարոյանը: