«Ոսկին, այդ սքանչելի հրաշագործը այնպես ամուր է շաղկապվել ձեր հոգիների հետ և այնպես սերտ ձուլվել ձեր արյան և մսի հետ»․գիտե՞ք, թե ում էր քննադատում Շիրվանզադեն և ու՞մ էր անվանում կեղծ

Շիրվանզադեն մեծ հոգեբան էր։ Իր աշխատություններում նա գրում էր մարդկային ողբերգության պատճառների ու ակունքների մասին, նա կարողանում էր լավ հասկանալ ու ներկայացնել հասարակությանը։ Այս հատվածում էլ գրողը քննադատում է այն մեծահարուստներին, ովքեր մի կոպեկ անգամ չեն տալիս ազգին օգնելու համար։

«Դուք ասում եք, թե հասարակությունն առհասարակ ավելացնում է ձեր հարստության չափը, թե դուք չունեք այնքան, որքան կարծում են մարդիկ:

Դուք շատ անգամ կոկորդիլոսի արցունքներ եք թափում, թե ձեր գործերը վատ են ընթանում, թե ահագին վնասներ եք կրում, թե պատերազմը քայքայել է ձեզ և այլն:

Հավատացնում եմ ձեզ, որ ձեր լալկանությամբ ոչ ոքի չեք կարող խաբել: Ձեր հարստություններն ասպարեզի վրա են ցերեկվա լույսով լուսավորված: Եվ նրանք այնքան բարձր են աղաղակում իրանց մասին բանկերում, բորսաներում, նույնիսկ փողոցներում, որ երբեք ձեր սուտ հեկեկանքները չեն կարող խլացնել նրանց ձայնը:

Խոսք չունեմ, մարդիկ կարող են մի քիչ սխալվել կամ ավելացնելով կամ պակասեցնելով ձեր ունեցածի չափը, բայց թե յուրաքանչյուրը լավ գիտե ձեր հարստության մոտավոր քանակը, այդ ձեզ հայտնի է:

Արդ, ինչո՞ւ համար եք աղի արցունքներ թափում և կուրծք ծեծում: Մի՞թե չեք հասկանում և զգում, որ դա ձեզ ավելի է նսեմացնում:

Գոնե մի փոքր հպարտություն ունեցեք, ասացեք անկեղծ. «Ունենք, բայց չենք ուզում տալ»: Կամ ավելի ճիշտն ասացեք` «Կկամենայինք տալ և թեթևացնել մեր խիղճը, բայց չենք կարողանում»: Իսկ մենք գիտենք, թե ինչո՛ւ չեք կարողանում: Չեք կարողանում, որովհետև ոսկին, այդ սքանչելի հրաշագործը այնպես ամուր է շաղկապվել ձեր հոգիների հետ և այնպես սերտ ձուլվել ձեր արյան և մսի հետ, որ առանց հոգեկան անասելի վշտի և առանց մարմնավոր անհուն տանջանքի չեք կարող բաժանվել նրանից: Եվ ամեն մի կտոր ոսկի ձեզնից պոկողը ձեր մարմնի մի մասն է պոկում:

Խեղճե՛ր: Հավատացեք, որ դուք խղճալի մելոմաններ եք, որոնց հարկավոր է արմատական բժշկություն…

Հետո, ինչո՞ւ համար եք սուտ պատրվակներ հնարում: Օրինակ, ինչո՞ւ համար եք շարունակ աղաղակում. «Չենք տալիս, որովհետև չենք հավատում ոչ ձեզ և ոչ ձեր ձեռնարկած գործերին»:

Ենթադրենք մի րոպե, որ ձեր համոզմունքն է, որ թույլ չի տալիս ձեզ, օրինակ, խոշոր նվիրատվություններ անել հայկական դատի կամ հայ կամավորների օգտին: Բայց հո գաղթականությանը հավատում եք: Գիտեք, թե թշվառների ինչ անհուն բազմություն է ձեզնից օգնություն հայցում: Ինչո՞ւ գոնե նրանց չեք օգնում: Արդյո՞ք Վեհափառ Հայրապետին էլ չեք հավատում: Նրա դառն արցունքներին և ոչ օտարազգի բարձրադիր անձա՞նց, որոնց մարդասիրական օրինակն անգամ չի հափշտակում ձեզ:

Բայց ոչ, դուք կեղծում եք …»