Ամերիկահայ նկարչի նոր գտնված կտավի մասին խոսում են բոլորը․ ո՞րն էր նրա կյանքի մեծ ցավը

Արշիլ Գորկու՝ նոր գտնված կտավի մասին խոսում են բոլորը։ Այն ներկայացնում է նկարչի կյանքի մեծ ցավը՝ յուրահատուկ գույներով։ Նկարի մասին գրել է շվեյցարական Neue Zurcher Zeitung թերթը։

Հայտնի The Limit («Սահմանը», 1947թ․) կտավի տակ նկարչի դուստրերը ներկի տարօրինակ հետքեր են նկատել։ Պարզվել է, որ այդտեղ թղթե նկար կա։ 2020թ․-ի վերջին սկսվել է նկարի վերականգնումը։

Եթե «Սահմանը» պատկերված է հիմնականում մոխրականաչ գույներով, ապա դրա տակ հայտնաբերված նկարը, որը պայմանականորեն անվանել են «Ամառը Վիրջինիայում», ներկայացնում է կապույտ լույսով և արևի շողերով լուսավորված մի սենյակ։

«Այստեղ կարելի է տեսնել անցյալի և ապագայի միջև ազատ լողացող հիշողությունը։ Նրա հայկական մանկության ամառը։ Բայց լույսով լի այդ թեթևության տակ ընկած է նկարչի ծանր ճակատագիրը։ Նրա մայրը մահացել է սովից՝ Ցեղասպանության տարիներին»,-գրում է պարբերականը։

Արշիլ Գորկին ամերիկահայ նկարիչ է, Նյու Յորքի աբստրակտ էքսպրեսիոնիզմի դպրոցի հայտնի դեմքերից մեկը: