Այս ՀԱՅ դերասանն ապրել է ծանր և զրկանքներով լի մանկություն. ճանաչենք անվանի դերասանին, ում 3 որդիները գիտության հայտնի ներկայացուցիչներ դարձան

Խոսքը դերասան, թատերական ռեժիսոր Իսահակ Սիմոնի Ալիխանյանի մասին է՝ ծնված Վրաստանի Դուշեթ գավառական քաղաքում 1876 թվականի փետրվարի 7-ին:

Դուշեթը մեծ մասամբ հայաբնակ էր, բայց վրացախոս։ Նույնիսկ քաղաքի քահանան հայերեն չի իմացել։ 1896 թվականին Իսահակն ավարտել է Ներսիսյան դպրոցը։ Նշենք, որ նա ապրել է ծանր, զրկանքներով լի մանկություն։ Ներսիսյան դպրոցն ավարտելուն պես քսանամյա երիտասարդը, ով իր դերասանական հակումները ցույց էր տվել դպրոցում ուսանելիս, ընդունվում է Գրիգոր Ավետյանի ղեկավարած խումբը։ Այդ, հետագայում և ուրիշ խմբերի հետ երիտասարդ դերասանը շրջում է Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի հայաշատ քաղաքներում։ Նրա խաղընկերներն են եղել Սիրանույշը, Ա. Աբելյանը, Հ. Թրյանցը, Պետրոսյանը և ուրիշներ։

Ալիխանյանը հյուրախաղերով հանդես է եկել Բաքվում (1902-1903 թթ.), Նոր Նախիջևանում (1906-1907 թթ.), Մոսկվայում (1912), մնացած գրեթե ամբողջ ժամանակ՝ Թիֆլիսում. ամենուրեք Ալիխանյանը գտել է համակրանք ու ճանաչում։ Սակայն նա եղել է հայ թատրոնի «դժգոհներից» մեկը, ում չի գոհացրել ազգային թատրոնի և հայ դերասանի վիճակը՝ բարոյական և նյութական զրկանքներ, հեռանկարի անորոշություն և այլն։ Նա եղավ Երևանի Առաջին պետթատրոնի հիմնադիր կազմում, խաղաց մի քանի դեր, ապա նաև հանդես եկավ իբրև ռեժիսոր։ Բեմադրեց թատրոնը բացող ներկայացումը՝ «Պեպոն», ապա նաև՝ Հ. Իբսենի «Ուրվականները», Ֆուլդայի «Հիմարը», Մաքսիմ Գորկու «Հատակումը»։

1922 թվականին Ալիխանյանը վերադարձավ Թիֆլիս։ Հետագայում նա միայն մի թատերաշրջան (1926-1927 թթ.) խաղաց Բաքվի հայկական թատրոնում՝ վերստին դառնալով Թբիլիսի Հայ դրամա՝ այստեղ մինչև կյանքի վերջն աշխատելու համար։

Բեմադրել է շուրջ 25 ներկայացում։ Իսահակ Ալիխանյանը Արտեմ Ալիխանյանի, Աբրահամ Ալիխանովի և Սոս Ալիխանյանի հայրն էր։ Թաղված է Թբլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։ Նրա անունն է կրում փողոց Հավլաբարում (Թբիլիսի):