Նա ապրեց հային հայ պահելու համար․ Հայ երգարվեստի թագուհին

1957 թ-ի փետրվարի 5-ին Գյումրիում ծնվեց հայ երգարվեստի թագուհին։ Երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր Ֆլորա Մարտիրոսյանը իր տաղանդով ու ձայնով գրավեց հայության սիրտը:

Նա երաժշտական ունակությունները ժառանգել էր մորից: Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցն ավարտելուց հետո, Ֆլորա տեղափոխվում է մայրաքաղաք, որտեղ էլ սկսվում է երգչուհու` բարդ ու դժվարին, բայց հեղինակավոր ուղին։

Նա իր գործի նվիրյալն էր, ով ապրեց` ապրեցնելու համար, ապրեց` հային հայ պահելու համար։ 2007 թ. նա հիմնում է «Artists for Pease» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր՝ իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, «Այլևս երբեք» կարգախոսով:

«Այլևս երբեք» կամ «Never Again» մշակութային շարժման նախաձեռնությունը` իր նպատակին հասցնելու երազանքը այդպես էլ մնաց անավարտ։  2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով, ընդհատվեց մեծ հայուհու կյանքը:

Նա սիրում էր իր երկիրն ու հայրենիքն ու հեռացավ կարոտը սրտում։ 2011 թվականի սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով մեծ երգչուհուն շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում։