Լուսանկարում Գյումրու դրամատիկական թատրոնն է. գիտե՞ք՝ նախկինում այն ում տնային դահլիճն է եղել ու ում նախաձեռնությամբ է այն թատերասրահի վերածվել

Ալեքսանդրապոլում կյանքն աշխուժացնող առաջին հաստատությունը թատրոնն էր, որը քաղաք մտավ 1865 թվականին ռմբաձիգ գնդի կապիտան (հետագայում գնդապետ) Ալեքսանդր Մելիք-Հայկազյանի (1835-1890) նախաձեռնությամբ:

Վերջինս Արցախից էր, ազնվական և հարուստ ընտանիքի որդի, որը կրթություն ստացել էր Ռուսաստանում։ 1864 թվականին նա վարձում է մեծահարուստ վաճառական Խաչատուր Հովհաննիսյանի տնային դահլիճը, փոքր բեմ կառուցում և ստեղծում 150 հոգանոց թատերասրահ։ Իր ընկերոջ՝ Թիֆլիսի հայտնի ողբերգակ Վաղարշակ Շահխաթունյանի հետ բեմադրում են Կարենյանի «Շուշանիկը», սրանից հետո նաև Գոգոլի «Ռևիզորը»: Ըստ բանավոր տեղեկությունների, Ալեքսանդրապոլի առաջին դերասանուհիներն են եղել Ձիթողցյան քույրերը՝ Կատարինեն և Լուսնթագը:

Նախապես ստեղծագործական խմբի կազմը հիմնականում բաղկացած էր տեղի Քաղլուսվարի թատրոնի և Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայի նորավարտ սաներից՝ Ա. Արաքսյան, Բ. Գաբրիելյան, Ա. Ռշտունի, Ա. Մկրտումյան, Ս. Սուրենյան, Արծ. Հարությունյան, Ա. Երամյան և ուրիշներ։ Ռեժիսորներ՝ Թ. Սարյան, Վ. Աճեմյան, նկարիչ՝ Վ. Շերիշև։ Շուտով այն համալրվեց նոր ուժերով՝ Ա. Արմենյան, Լ. Զոհրաբյան, Ց. Ամերիկյան, Ե. Դուրյան-Արմենյան, Ա. Ասրյան, Մ. Գավռոշ, Մ. Հայկասար, Գ. Հարությունյան, Հ. Բադալյան, Ա. Սանամյան, Կ. Արծրունյան, Ա. Փաշայան, Ժ. Էլոյան, Ա. Բերոյան։ Այստեղ աշխատել են նաև Լ. Երամյանը, Մ. Ջանանը, Սուր են Քոչարյանը, Դ. Մալյանը, Մ. Կոստանյանը։ Բեմադրություններ են ունեցել Ռ. Սիմոնովը, Ս. Խաչատրյանը, Լ. Քալանթարը, Ա. Գուլակյանը, Դ. Անտաձեն, Վ. Վաղարշյանը, Վ. Փափագյանը, Ա. Արմենյանը, Տ. Շամիրխանյանը։

Թատրոնի ստեղծագործական կյանքում մեծ է հատկապես Վարդան Աճեմյանի վաստակը։ Բ. Լավրենյովի «Բեկում», Ս. Բաղդասարյանի «Մարոկկո» (1929), Վ. Կիրշոնի «Հաց» (1931), Ն. Պոգոդինի «Իմ բարեկամ» (1938), Զ. Զաբարլիի «1905 թվին» (1937), Ա. Կապլերի և Տ. Զլատոգորովայի «Լենին» (1940) ներկայացումները ժամանակակից ռուս, հեղափոխական թատրոնի, մասնավորապես Ե. Վախթանգովի և Վ. Մեյերխոլդի ոճով էին բեմադրված, իսկ դասական դրամատուրգիան (Մաքսիմ Գորկու «Կատակում», 1932, Շիլլերի «Սեր և խարդավանք», Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», 1934, Կ. Գոլդոնիի «հյուրանոցի տիրուհին», 1936) գտավ արդիական սուր մեկնաբանություն։

Ժամանակակից կյանքը պատկերող ներկայացումների կողքին երևան եկան պատմա-հայրենասիրական և պատմա-հեղափոխական ինքնուրույն պիեսների բեմադրություններ (Լ. Միքայելյանի «Գոշ», 1936, Ա. Արաքսմանյանի «Էմանուել», 1938, Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի», 1943, 1956, Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», 1942)։ Վարդան Աճեմյանի նոր բեմադրությունները ևս (Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», 1944, Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ», 1946) հաստատուն տեղ գրավեցին հայ սովետական թատրոնի պատմության մեջ։ Այդ բեմադրություններում լիովին բացահայտվեցին Բ. Գաբրիելյանի, Ց. Ամերիկյանի, Լ. Զոհրաբյանի, Ս. Սուրենյանի, Ա. Ասրյանի, Գ. Հարությունյանի, Ա. Փաշայանի, նկարիչներ Վ. Շերիշևի, Մ. Սվախչյանի գեղարվեստական մեծ կարողությունները։