«Երբ աչքերը բացեց միանգամից հարցրեց. «Պատերազմն ավարտվել ա»»․ Հարյուրավոր կյանքեր փրկած բժշկի կյանքը փրկել չհաջողվեց

Արցախյան պտերազմի նվիրյալ հերոսներից էր Նարեկ Մեսրոպյանը, ով զոհվեց իր պարտքը տալով հայրենիքին։ Նա բուժծառայության մայոր էր: Ծնունդով Արցախից էր, մեկնել էր պաշտպանելու հայրենի հողը:

«Փոքրուց փայլում էր իր խելացիությամբ… երգում էր, պրոֆեսիոնալ դաշնակահար էր, դերասան, սակայն,  ի վերջո կանգ առավ ամենամարդասիրական մասնագիտության՝ կյանքեր փրկելու առաքելության վրա»,- նշում է կինը։

Նրա խոսքերով Նարեկը երբեք չէր պատմում իր սխրանքների մասին, չափազանց զուսպ ու համեստ էր, նույնիսկ չգիտեին, որ պատերազմի ընթացքում նա նշանակվել է Խոջալուի հրաձգային գնդի բուժծառայության պետ:

«Նարեկը հասցրել է փրկել շատ զինվորների կյանքեր: Դեպքի օրը, ինքն ու ընկերը շտապել են առաջնագիծ վիրավորներին օգնություն ցուցաբերելու և տեղափոխելու, սակայն նա ընկերոջը ստիպել է իջնել մեքենայից՝ ասելով. «դու այսօր արդեն մեկ անգամ գնացել ես վիրավորների հետևից, այս անգամ ես կգնամ»: Գնաց ու գնաց անվերադարձ… »,-պատմում է հերոսի կինը:

Նարեկը մասնակցել է նաև Ապրիլյան  պատերազմին, գտնվելով ամենավտանգավոր կետերից մեկում`Թալիշում։ Այդ օրերին 100-ից ավելի վիրավորների դուրս է բերել մարտի դաշտից և փրկել նրանց կյանքը, որի համար պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Հոկտեմբերի 11-ին, ծանր վիրավորում ստանալուց հետո Նարեկ Մեսրոպյանը տեղափոխվել էր Երևան:

«Մեկ շաբաթ պայքարում էր կյանքի համար: Աչքերը բացելուն պես առաջին հարցը, որ տվեց, ասել էր. «Պատերազմն ավարտվել ա».,-ասեցինք այո, ամեն ինչ լավ է, բայց կյանքն անարդար գտնվեց Նարեկի հանդեպ: Հարյուրավոր կյանքեր փրկած բժշկի կյանքը փրկել չհաջողվեց: Հոկտեմբերի 19-ին Նարեկն անմահացավ»: Հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։