«Երբ վերջին անգամ խոսում էինք․ ասեց Մա՛մ ջան, կլսես տղուդ մասին, կհպարտանաս». Հերոս Նարեկ Աղոյանի պատմությունը

Կրտսեր սերժանտ, «Մարտական ծառայության» մեդալակիր Նարեկ Ջիվանի Աղոյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 28-ին Վարդենիս քաղաքում։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել է Երևանում:

Դեռ փոքր տարիքից աչքի էր ընկնում իր խիզախ ու համառ բնավորությամբ: 2019 թվականին մեկնել է ծառայության նախ՝ Գյումրիում, ապա տեղափոխվել է Ջաբրայիլ:

Պատերազմի առաջին իսկ օրերին եղել է առաջնագծում: Մարտեր է վարել, պայքարել հերոսի պես, փրկել ընկերներին։ Զոհվել է հոկտեմբերի 6-ին թեժ մարտերից մեկի ժամանակ։ Ընտանիքը կարողացել է հուղարկավորել հերոսին միայն օգոստոսի 19-ին՝ Եռաբլուրում:

Նարեկը, երբ վերջին անգամ խոսել էր մոր հետ ասել էր․«Մա՛մ ջան, կլսես տղուդ մասին, կհպարտանաս»։ Այդպես էլ եղավ։ Նա դարձավ բոլորիս հպարտությունն ու հերոսը։