«Ստացել եմ քո երկու նամակն էլ և տիկնոջդ փոքրիկ պատկերը, որից կարելի է ենթադրել, որ համակրելի աղջիկ է». գիտե՞ք՝ ինչու Ավ. Իսահակյանը չէր պատասխանել Ե. Քոչարի նամակին

Ձեզ ենք ներկայացնում Ավետիք Իսահակյանի նամակն ուղղված Երվանդ Քոչարին, որից պարզ է դառնում, թե նա ինչու էր անպատասխան թողել Երվանդի նամակը:

1925 հուլիս, Վենետիկ Սիրելի Երվանդ,

Ստացել եմ քո երկու նամակն էլ և տիկնոջդ փոքրիկ պատկերը, որից կարելի է ենթադրել, որ համակրելի աղջիկ է: Բարով վայելեք միմյանց:

Ոչ մի առիթ չունիս հոռի մածումներ ունենալու իմ չպատասխանելու համար. քեզ առաջվա պես սիրում եմ, միայն ծուլությունն է պատճառը, որ փափագներս չի իրագործվում՝ նամակներին իսկույն պատասխանելու: Շատ եմ սիրում նամակներ ստանալ, բայց պատասխանել ուղղակի տաժանք է:

Բռնի, զոռով եմ պարապում, այսինքն «Ուստա Կարոն» գրում, այնքան ստվար գրծ է, հազար էջ, այնքան դեմքեր ու դեպքեր կան, որ խճճվել եմ մեջը և դուրս չեմ կարող ելնել: Հիմա էլ Վենետիկի ամառն է՝ մի սպանիչ, մեղկացուցիչ տաքություն, բաղնի՛ք, որ թմբիր է տալիս՝ թե կամքին, թե մտքին, թե զգացումներին:

Հնար չունիմ այս համամից դուրս գալու. սիրտս լեռներ է ուզումմ, կապույտ ու զով, բայց ո՞վ է տվել մեղավորին արքայություն:

Այո Չարենցը անկեղծ ոգևորված էր «Ուստա Կարոյով», նա ճիշտ ըմբռնեց իմ հղացումը-տալ էպոս, ուր ամեն բան կա մեջը և պիտի լինի ամեն բան, ողջ դարը, մտայնությունը, դասակարգեր, մարդիկ՝ կենդանի, ռեալ, և մտքերի գաղափարների հորդ ծով… Խնդիրը հաջողության մեջն է, պիտի հաջողի՞մ այսքան անհնարին ծանրության տակ ձեռք զարկելուս: Տեսնենք, ես լավատես եմ:

Չարենցը հետաքրքիր տղա է, և տաղանդավոր է, և զարգացած է, և լավ ընկեր է: Սիրեցի նրան:

Այնպես որ, սիրելիս ներողամիտ եղիր չպատասխանելուս համար, քեզի մոռանալու կամ առհամարհելու նշան չէ դա, բնավ երբեք, այլ ասացի արդեն. ամենակարևոր նամակներ- հացի հետ կապված, շաբաթներով երեսի վրա են մնում, իմ տարիքիս ու իմ գործիս տեր մարդը պետք է որ մի քարտուղար ունենա: «Ուստա Կարոն» խեղդում է ինձ, ամեն բան ես եմ անում, և արտագրությունը որ սպանիչ է, նույնպես՝ ես… և ժամանակ չի մնում նույնիսկ անհրաժեշտ գրքեր կարդալու:

Դու ի՜նչ ջրերի վրա ես, կարող ես գլուխդ պահե, այսինքն ավելի դյուրին կերպով: Կարծում եմ, որ արդեն մին ճամփա բացած կլինես քեզ համար: Ժորժը և մենոն ծանր օրեր են ապրում, հարցաքննություն, օր ու գիշեր զբաղված, նիհարել են, ցամաք ձորի աղվես դարձել:

Հիմա պիտի ավարտեին, չկարողացան, մնաց աշնանը:

Մերոնք լավ են, և հիշում են միշտ քեզ, ինչպես և Ժորժի և Մենոյի հետ հանդիպելիս: Բոլորն էլ ջերմ բարևում են քեզ:

Քաջ եղիր, լավ եղի՛ր, առողջ ու ուրախ:

Սրտագին բարևներ տիկնոջդ.

Համբույրներով, քո՝ Ավետիք