Գիտե՞ք ՝ ինչու է հայ նշանավոր վարդապետ և մատենագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻՆ ստացել ՊԼՈՒԶ մականունը. պարզենք միասին

Հայ նշանավոր վարդապետ և մատենագիր Հովհաննես Երզնկացին ծնվել է 1225-1230 թվականների միջև, Մեծ Հայքի Եկեղյաց գավառում։

Երզնկացու մանկությունն անցել է հայրենի երկրի Լուսավորչի լեռներում գտնվող դպրանոցներում։ Ուսման ծարավը նրան տարել է աշակերտելու ժամանակի նշանավոր ուսուցիչ Վարդան Արևելցուն, որին և հետագայում հիշում է երախտագիտությամբ, անվանում իր հոգևոր հայրը։ Երզնկացին հմտացել է փիլիսոփայություն, տիեզրագիտություն, քերականություն մեջ, խորամուխ է եղել արվեստների, երաժշտության, բժշկության ու զանազան բնական գիտությունների մեջ։

1270-1280-ական թվականներից սկսվում է Երզնկացու եռանդուն գործունեության շրջանը, նա մասնակցում է երկրի թե՛ գիտական և թե՛ քաղաքական կյանքի ամենակենսական իրադարձություններին, լինում է ոչ միայն Հայաստանի, այլև Կիլիկիայի տարբեր քաղաքներում, Երուսաղեմում ու Տփղիսում՝ ամենուրեք վայելելով մեծ հեղինակություն։ Երզնկացին գործուն պայքար է մղում 13-14-րդ դարերում լայն ծավալ ու քաղաքական սուր բնույթ ստացած ունիթորական (այդ ուղությունը ընդունում էր ազգային եկեղեցիների կաթոլիկացումը և Հռոմի պապի գերիշխանությունը) շարժման դեմ, հասարակական ու եկեղեցական հատուկ կանոններ գրում՝ հանուն ազգապահպանության, հայ եկեղեցու և պետականության հաստատման։

1280 թվականին նա արդեն Երզնկա քաղաքի արհեստավորների ու առևտրականների համար կազմակերպված «եղբայրության» հոգևոր հայրն էր, որ «Սահման և կանոնք» էր գրում նաև «տղայահասակ մանկանց աշխարհականաց» համար։

1281 թվականին Երզնկացին մեկնում է Թեոդուպոլիս (Կարին), որպես կաթողիկոսի հատուկ պատվիրակ, ապա պատվեր է ստանում քերականության մեկնություն գրելու, որն ավարտում է 1291 թվականին։ 1293 թվականին Երզնկացին կնքում է իր մահկանացուն։ Նրա շիրիմն ամփոփված է Երզնկայի Սբ. Նշան եկեղեցու առաջնորդական աթոռի տակ։

Երզնկացի է կոչվել կամ իր ծննդավայրի անունով և կամ տեղի հռչակավոր վանքերում կրթություն ստացած լինելու պատճառով։ Պլուզ մականունը նրան, հավանաբար, տրվել է կարճահասակության համար։ Դրա մասին է ակնարկում նաև ժողովրդական ավանդությունը, ըստ որի նա եղել է փոքրամարմին։

Երզնկացու մասին պահպանվել են ավանդություններ, որոնք նրա անունը կապում են զանազան հրաշագործությունների հետ։ Նա կոչվել է «սուրբ և իմաստուն», «բանիբուն և աշխարհալոյս վարդապետ», «խստալոյս իմաստասէր», «անյաղթ» և այլն։ Նրա գերեզմանը համարվել է սրբատեղի։