«Նրա տեխնիկան կատարյալ է»․Հայ պրոֆեսիոնալ բռնքամարտիկի խաղաոճն ու յուրահատուկ մականունը  

Հայկական ծագումով իտալացի քիքբռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը մարտարվեստի աշխարհում ամենայուրահատուկ մականուններից մեկն ունի։ Նրան բոլորը «Բժիշկ» են անվանում։ Հարցազրույցներից մեկում մարզիկը պատմել է, թե ինչու են իրեն սկսել այդպես անվանել դեռևս պատանի տարիքում։

«Սկզբում ես «Վիրաբույժ» էի։ 2004-ին ռինգում ինձ այդպես անվանեց դատավորը, երբ մարտի նկարահանումը դիտելով, եկավ այն եզրակացության, որ ֆրանսիացի բռնցքամարտիկի գլխին հասցրած իմ բոլոր չորս հարվածները գործնականում նույնն էին․դրանք խոցել էին հակառակորդի գլխի միևնույն հատվածը և կատարվել էին միանման տեխնիկայով»,-պատմել է Պետրոսյանը։

Ջորջիոն պրոֆեսիոնալ ռինգ է դուրս եկել 2010թ․-ին՝ արդեն կրելով «Բժիշկ» մականունը։ Քիքբռնցքամարտի աստղը մինչ օրս հայտնի է ռինգում իր ճշգրիտ հարվածներով։

Նա վիետնամական ամսագրին պատմել է, որ մշտապես փոխում է խաղաոճը, որպեսզի շփոթեցնի հակառակորդներին։ «Ես ուսումնասիրել եմ մուայ թայ տեխնիկաների մեծ մասը և միավորել եմ դրանք քիքբռնցքամարտի հետ։ Իմ երկրպագուներին, երևում է, դա շատ է դուր գալիս։ Ես միշտ աշխատում եմ իմ վրա և ամեն օր հաղթահարում եմ իմ թուլությունները»,-ասել է նա։

Ջորջիո Պետրոսյանը քիքբռնցքամարտի բազմաթիվ մրցաշարերի հաղթող է։ Ծնվել է Երևանում, մանկուց ընտանիքի հետ ապրում է Իտալիայի Միլան քաղաքում։