Ուրույն հմայքով մի մարդ, ում ֆրազները «թևավոր խոսքեր» էին դառնում

Ժողովրդական արտիստ, մեծ սիր ու հարգանք վայելող Արմեն Խոստիկյանը մեր ծնողների, տատիկ-պապիկների սիրելի դերասանն էր։ Դժվար է ասել, թե հայրենի թատրոնի բեմը, նաև կինոն ինչպես կլրացներ խոստիկյանական ուրույն հմայքը, եթե ինքը շարունակեր ուսանել բժշկական ինստիտուտում:

Ինչպես ծանոթներն են հիշում, մի օր բժշկականի դասախոսություններից մեկի ժամանակ ուսանող Խոստիկյանը վատ է զգում ֆորմալինի լուծույթի սպեցիֆիկ հոտից:  Այդ ժամանակ դասախոսը բարձրաձայն մտածում է, թե նրանից բժիշկ դուրս չի գա, իսկ համակուրսեցիներից մեկն էլ ավելի բարձրաձայն ասում է, որ Արմենը արտիստ է:

Պատմությանն անհայտ է մնացել, բայց մի բան փաստ է Արմեն Խոստիկյանը 1947-ին արդեն Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի ուսանող էր: Ինչպես ասում են Արմեն Խոստիկյանը յուրահատուկ հմայքով, «աստղով» դերասան էր:

«Ոսկե ցլիկը», «Նվագախմբի տղաները» և այլ ֆիլմերում կամ տոնական երեկույթներում նրա արտասանած ֆրազները, կարելի է ասել՝ միանգամից «թևավոր խոսք» էին դառնում:

Նա մեկն էր այն հանճարներից, որ անուրախ տարիներին մարդկանց անսահմանափակ ժպիտ էր պարգևում  ու լավատեսություն հաղորդում։ Նա ուրախության պրոֆեսոր էր և բժշկում էր ծիծաղով: