Գիտեի՞ք, որ ամենաընթերցվող ու ամենաշատ հրատարակվող ՍԵՐԳԵՅ ԴՈՎԼԱԹՈՎԻ մայրն ազգությաբ ՀԱՅ է. ճանաչենք հայ-հրեական ծագումով ռուս գրողին

Սերգեյ Դովլաթովը (Դովլաթյան) համարվում է ռուս ամենաընթերցվող ու ամենաշատ հրատարակվող գրողներից մեկը։ Նա Բրոդսկու և Սոլժենիցինի հետ հանդիսանում է արտասահմանում 20-րդ դարի վերջի ռուսալեզու ամենաճանաչված գրողներից մեկը։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզուներով:

Սերգեյ Դովլաթովի հայրը ազգությամբ հրեա, թատերական ռեժիսոր Դոնատ Մեչիկն էր, իսկ մայրը՝ ազգությամբ հայ, գրականության սրբագրիչ, Նորա Սերգեյի Դովլաթյանը։ Դովլաթովի ծնողները Բաշկիրիայի մայրաքաղաք էին էվակուացվել պատերազմի սկզբներին, որտեղ և 3 տարի բնակվել են ՆԳԺԿ-ի աշխատակիցներից մեկի տանը՝ Գոգոլի 56 հասցեում։

1944 թվականից Դովլաթովը ապրել է Լենինգրադում (Այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ 1959 թ ընդունվում է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորում երկուսուկես տարի, որտեղ և շփումներ է ունենում հանրաճանաչ գրողների և նկարիչների հետ, ինչպիսիք էին Եվգենի Ռեյնը, Իոսիֆ Բրոդսկին, գրող Սերգեյ Վոլֆը, նկարիչ Ալեքսանդր Նեժդանովը և ուրիշները։ Համալսարանից հեռացվել է վատ սովորելու պատրվակով։ Հետո հաջորդել են բանակային ծառայության 3 տարիները ներքին գործերի զորքերում, որտեղ նա Կոմիի Հանրապետության Չինյաորկ կոչվող ավանում տեղակայված ուղղիչ գաղութի պահակազորում էր։ Բրոդսկին իր հուշերում գրել է, որ Դովլաթովը բանակից վերադարձավ, ինչպես Տոլստոյը Ղրիմից՝ պատմությունների փաթեթով և փոքր-ինչ զարմացած հայացքով։ Դովլաթովն ընդունվեց ԼՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, աշխատում էր նաև Լենինգրադի նավաշինական ինստիտուտի «За кадры верфям» պարբերականում, գրում էր պատմվածքներ։ Հրավիրվեց ժամանակի հայտնի ռուս գրողներ Մարամզինի, Եֆիմովի, Վախտինի և Գուբինի կողմից ստեղծված «Горожане»/Քաղաքացիներ/ գրական խումբ։ Աշխատել է խորհրդային շրջանի ռուս հայտնի գրող Վերա Պանովայի գրական քարտուղար։

Սերգեյ Դովլաթովը պաշտոնապես ամուսնացած է եղել 2 անգամ։ Առաջին անգամ ամուսնացած է եղել Ասյա Պեկուրովսկայայի հետ՝ 1960-1968 թթ.: 1970 թ., արդեն ամուսնալուծությունից հետո ծնվեց նրա դուստրը՝ Մարիա Պեկուրովսկայան, ով այժմ հանդիսանում է Universal Pictures կինոընկերության գովազդային բաժնի փոխնախագահը։

Երկրորդ կնոջից՝ Ելենա Դովլաթովայից ունի երկու զավակ՝ Եկատերինան (ծնվ.1966 թ) և Նիկոլայը (Նիկոլաս Դուլի, ծնվ. 1984 թ), որը ծնվել է արդեն ԱՄՆ-ում։ Նրա դուստր Ալեքսանդրան (ծնվ. 1975 թ.) ծնվել է քաղաքացիական կնոջից՝ Տամարա Զուբինովայից: