«Հայրս ինձ փակում էր սենյակում, իսկ ես արցունքներն աչքերիս անդադար նվագում էի»․ ինչպես ջութակը փրկեց հայ վիրտուոզի պապի կյանքը

Հայտնի վիրտուոզ հայ ջութակահար Արա Մալիքյանը խոսել է իր մանկության ու ջութակի հանդեպ ունեցած հատուկ և հակասական սիրո մասին։ Մալիքյանը պատմել է, որ այդ գործիքը փրկել է իր պապի կյանքը։ Հենց այդ պատճառով էլ նրա հայրը պնդել է, որ Արան ջութակ նվագել սովորի։

«Հայրս ջութակի երկրպագու էր և նա ստիպեց ինձ ջութակ նվագել, գրեթե ծնվելուցս անմիջապես հետո։ Երբ 7-8 տարեկան էի, ուզում էի բակում մյուս երեխաների հետ խաղալ, սակայն նա ինձ արգելում էր ու փակում սենյակում, որպեսզի ես ժամերով պարապեմ։ Հիշում եմ, թե ինչպես էի արցունքն աչքերիս նվագում, քանի որ այլևս չէի  ուզում։ Բայց այսօր անսահման երախտապարտ եմ հորս, քանի որ երջանիկ եմ ջութակահար լինելու համար», – խոստովանում է երաժիշտը։

Ինքը` ջութակահարն, իր առաջին կարևոր համերգը տվել է, երբ ընդամենը 12 տարեկան էր։  «Այն ժամանակ, հավանաբար, Լիբանանում միակ ջութակահարն էի. այդ համերգի շնորհիվ ես ոչ միայն ջութակը սիրեցի, այլև բեմը», – նշել է նա։ Մալիքյանի խոսքով` հաջողությունը գաղտնիք չունի, սակայն այն մեծ աշխատանք է պահանջում։

Արա Մալիքյանը աշխատել է նաև կինոյում և դարձել մի քանի ֆիլմերի սաունդթրեքերի հեղինակ, հայտնի գործերից են Պեդրո Ալմադովարի «Խոսիր նրա հետ» և «Վատ դաստիարակություն» ֆիլմերը։ Սակայն, անկախ այս հետաքրքիր փորձից, երաժիշտը նախընտրում է բեմը։

Մալիքյանը երբեք Հայաստանի հետ կապը չի կորցրել, սակայն ներկա պահին նա համերգներ չի նախատեսում ունենալ պապի հարազատ երկրում։ Մալիքյանը ծնվել է Լիբանանում, ապրել Գերմանիայում, Անգլիայում, Չինաստանում, սակայն հաստատվել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։

«Ինձ դուր եկավ այս երկրի առօրյա կյանքը, այն հիշեցրեց ինձ Լիբանանում ապրելու տարիները, այսինքն` կյանքի միջերկրածովյան ոճը։ Ես այստեղ ամենուր ինձ տանն եմ զգում»։